Փաշինյանի մռայլ կանխատեսումը

Փաշինյանի մռայլ կանխատեսումը

Իրադրությունը սրելու՝ Բաքվի հիմնական նպատակը բանակցային գործընթացում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, Բրյուսելում, ապա՝ Քիշնևում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելը, Սոթքում վաղ առավոտից սկսված սահմանային հրետակոծությունը կառավարության նիստի հենց սկզբում այսպես է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը։

Սահմանային հերթական լարվածությունը հաջորդում է արտգործնախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին, նախորդում՝ 2 օրից Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը։

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանն ամբողջությամբ չի բացառել կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը, բայց և շատ փոքր համարել դեպքերի նման զարգացումը։

Եվ այսպես՝ Փաշինյանի հայտարարության տեքստում մի քանի ուշագրավ և ոչ միանշանակ բաղադրիչ կա:

Նախ, պարզ չէ, թե «բանակցային գործընթացում գրանցված առաջընթաց» ասելով՝ ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ վաշինգտոնյան ռաունդից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ները, Հայաստանի ԱԽ-ն ավելի շուտ խոսել էին անհաղթահարելի հակասությունների մասին:

Երկրորդ, Փաշինյանը, թերևս, անկեղծ է, երբ խոսում է պայմանագրի ստորագրման չնչին հնարավորության մասին, բայց ակնհայտորեն գերագնահատում է բանակցությունների բրյուսելյան հարթակը, որովհետև առնվազն հնգակողմ հանդիպման մասով Բաքուն ունի վերապահում ու տակավին չի հաստատել իր մասնակցությունը:

Եվ վերջապես՝ երեկվա սադրանքով Բաքուն գուցե փորձում էր հենց վիժեցնել բրյուսելյան հարթակը ու դեմ չէր լինի դա անել Երևանի ձեռքով: Առնվազն դրական է, որ Փաշինյանը չի տրվել Բաքվի սադրանքին ու որոշել է մեկնել Բրյուսել՝ չնայած մռայլ կանխատեսումներին:

Վահրամ Բագրատյան