Նոր դիմադրությո՞ւն, թե՞...

Նոր դիմադրությո՞ւն, թե՞...

«9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցո՛ւյց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո՛ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցո՛ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։

Սեպտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ինտրիգը, թերևս, այն է, թե ինչ քաղաքական գործընթաց է ազդարարվում: Արդյո՞ք գործ ունենք դիսկրետ ակցիայի հետ, թե՞ սկիզբ է դրվում նոր շարժման, որն ուղղված է Հայաստանի գործող իշխանության ղարաբաղյան քաղաքականության դեմ:

ՀՅԴ-ում այս հարցը չեն հստակեցնում ու այս հարցի շուրջ անշնորհակալ զբաղմունք է՝ հեռուն գնացող հետևություններ անելը:

Մի կողմից, հասարակության տարբեր շերտերում ահագնանում է դժգոհությունն իշխանության վարած քաղաքականության հանդեպ ու պատմական մինիմում է հասել Փաշինյանի վարկանիշը, մյուս կողմից՝ ընդդիմությունը գտնվում է ինստիտուցիոնալ փոշիացման փուլում ու տակավին տեսանելի չէ այն նոր հարթակը կամ ձևաչափը, որը պետք է կապիտալացնի հանրային դժգոհությունը:

Իհարկե, միանգամայն հնարավոր է միջանկյալ մի տարբերակ. գուցե սեպտեմբերի 2-ի հանրահավաքը դառնա լակմուսի թուղթ, որն օգնի ընդդիմության հետագա գործողությունների ու «ճանապարհային քարտեզի» հստակեցմանը։

Վահրամ Բագրատյան