Իշխանության խոստովանությունը

Իշխանության խոստովանությունը

Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում, նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե ինչու Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին որևէ բանաձև չընդունվեց, և արդյոք Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ, Անի Բադալյանը նշել է, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։

Ընդունենք, որ ԱԳՆ խոսնակը միանգամայն օբյեկտիվ իրավիճակ է նկարագրում, բայց այստեղ միանգամից երկու հարց է առաջանում:
Եթե Հայաստանի իշխանությունը ՄԱԿ ԱԽ-ից փաստաթուղթ ստանալու ակնկալիք չուներ, ինչո՞ւ էր նման սպասումներ գեներացրել հասարակության շրջանում՝ ՄԱԿ ԱԽ-ն ներկայացնելով որպես «հրեշտակի դուռ», որը լուծում է տալու մեր բոլոր հարցերին:

Եվ երկրորդ, եթե Հայաստանը բանաձև ընդունելու ուղղությամբ լուրջ աշխատանք չի տարել ՄԱԿ ԱԽ որևէ երկրի հետ, ապա ինչո՞ւ է հանդես եկել ԱԽ դիմելու նախաձեռնությամբ, մանավանդ, որ ինքնանպատակ քննարկումները գործնականում որևէ բան չտվեցին Արցախին, չնպաստեցին Լաչինի միջանցքի բացմանը:

Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը ՄԱԿ ԱԽ էր դիմել, այսպես ասած, «գալոչկայի» համար...

Վահրամ Բագրատյան