Նոր քաղաքական ճգնաժամ Արցախում

Նոր քաղաքական ճգնաժամ Արցախում

Արցախի նախագահի ընտրությունը սեպտեմբերի 8-ին է. խմբակցությունները դեռ չեն հայտնում՝ ում են առաջադրելու, չնայած՝ նախկին նախագահները, ԱԺ հինգ խմբակցություններից չորսը կարծես կոնսենսուսի են եկել գործող պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ:

Այս պահին հայտնի է, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։ Այլ խոսքով, Բաբայանի կողմնակիցները մտադիր են վիժեցնել նախագահի ընտրության գործընթացը, թերևս այն հաշվարկով, որ իրենք ձևավորեն նոր իշխանությունը:

Ինչքան էլ այս սցենարը քիչ հավանական թվա, այնուամենայնիվ՝ Արցախում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, որովհետև կանխատեսելի չէ, թե մի քանի օր հետո ինչպիսի «հարաբերության» մեջ են լինելու խորհրդարանն ու Վերածննդի հրապարակը:

Իհարկե, կա նաև կոմպրոմիսների ու կոնսենսուսի տարբերակը, բայց այս սցենարն էլ քիչ հավանական է, որովհետև Բակո Սահակյան- Արկադի Ղուկասյան զույգի և Սամվել Բաբայանի միջև հակասությունները խորքային են ու երկար տարիների պատմություն ունեն:

Մյուս կողմից, Արցախում, դասական իմաստով, չկա ներքաղաքական պայքար, քաղաքական պայքարի մշակույթ, ինչը հիմնականում առաջին պլան է բերում կուլիսային քաղաքականությունը:

Ինչևէ, սպասենք սեպտեմբերի 8-ին:

Վահրամ Բագրատյան