Սեպտեմբերի 29-ին Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ նիստին. նախ Մինսկի հետ ՀՀ հարաբերությունները լարված են և այդ օրերին է նախատեսված ԵԽԽՎ-ում իր ելույթը։
Չնայած դրան, Բելառուսից պաշտոնապես հայտնել են, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը, սակայն ձևաչափը դեռևս հայտնի չէ։
MediaHub-ը տեղեկություն է ստացել, որ Փաշինյանի փոխարեն այս խորհրդի նիստին մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գրասենյակից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար է մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստին։
Հիշեցնենք, որ հայ-բելառուսական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են։ Երևանի և Մինսկի հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»: Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։
Նարե Գնունի