Երևան վերադարձող 186 հայ մնացել է Թուրքիայում․ պարզաբանում ավիաընկերությունից

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Քաղաքացիները երկու ժամ օդանավում անցկացնելուց հետո ստիպված են եղել իջնել ինքնաթիռից։
Եգիպտական ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Sky Tour»-ն է, որտեղից մեզ վստահեցրին՝ քաղաքացիներն արդեն ինքնաթիռի մեջ են, պատրաստվում են թռիչքի։
«Իջել են օդանավակայանում, փաստաթղթերի հետ կապված հարց է եղել, դա կարգավորվել է, ապա վերադարձել են ինքնաթիռ։ Մենք ուղևորների հետ կապի մեջ ենք եղել, քանի որ նրանք չեն ցանկացել Էրզրումի օդանավակայանում սպասել, շատ շուտ վերադարձել են ինքնաթիռ։ Այս պահին թռիչքը հաստատված է, շուտով մեր 186 հայրենակիցները կվերադառնան»,- հավաստիացրեցին «Sky Tour»-ից։
Հ.Գ. MediaHub-ի նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ ինքնաթիռն արդեն ուղևորվում է դեպի Երևան:
Նարե Գնունի