«Գլուխը պատին է տվել»․ նախկին գերին՝ Փաշինյանի հայտարարության մասին, թե գերիներն իրեն կներեն (լուսանկարներ)

«Գլուխը պատին է տվել»․ նախկին գերին՝ Փաշինյանի հայտարարության մասին, թե գերիներն իրեն կներեն (լուսանկարներ)

Ադրբեջանական գերության մեջ գտնվող 26 գյումրեցի տղաների հարազատները փակել են դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել տղաներին, հայտարարում, որ  այլևս չեն սպասելու, չեն էլ հավատալու իշխանության խոստումներին։

MediaHub.am-ը զրուցել է գերությունից վերադարձած շիրակցի Վարազդատ Մանուկյանի հետ, որը ևս այս պահին պայքարում է ընկերների՝ Հայաստան վերադարձի համար։

«Ես ոչ մեկի հարազատը չեմ, բայց էնտեղ գտնվող տղաները բոլորն էլ իմ եղբայրներն են»,- նշեց նա։ 
Հարցին, թե ինչո՞ւ են այսօր ոտքի կանգնել, մինչ այս պահը ինչո՞ւ էին լուռ, Վարազդատ Մանուկյանը պատասխանեց՝ մինչ այս պահը ամեն հանդիպման խոստացել են, որ հաջորդ ամիս տղաներին կվերադարձնեն։

«Էլ հանդիպում էլ չենք ուզում, մեկ է ինչ-որ բան են խոստանալու, չկատարեն»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե գերիները կներեն իրենց, եթե մեկ-երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում, նախկին գերին, որ այդ պահին էլ ադրբեջանական բանտում է եղել, պատասխանեց՝ գլուխը պատին է տվել։

«Գերությունը հասկանո՞ւմ եք, թե ինչ է։ Եթե սնունդ կա, նշանակում է՝ կարող են ապրե՞լ։ Բա՞ հոգեբանական պահը, էդ նվաստացած վիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ իրենց ակցիան անժամկետ է, սպասում են գործուն քայլերի։ 

«Ճիշտ է, մի քանի անգամ ոստիկանները փորձել են ուժով բացել ճանապարհը, բայց չի հաջողվել: Բայց որևէ մեկիս բերման չեն ենթարկել, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում ենք։ Էլի եմ ասում՝ մենք պահանջում ենք գործուն քայլեր»,- ամփոփեց խոսքը Վարազդատ Մանուկյանը։

Նշենք, որ այս պահին էլ ակցիան շարունակվում է:

Նարե Գնունի