Դաժան պայքարի մեկնարկը տրված է․ Մետաքսե Հակոբյան

Դաժան պայքարի մեկնարկը տրված է․ Մետաքսե Հակոբյան

Քիչ առաջ հայտնեցինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Ի՞նչ սպասել այս փուլում, սա նոր մեկնարկի, թե՞, հակառակը, անդունդ տանող քայլ էր։ Հարցի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը վերջապես արեց այն, ինչ դեռ երեք տարի առաջ պետք է աներ։

«Պարտության սիմվոլի շուրջ համախմբում լինել չէր կարող, իսկ հիմա, եթե ունենանք ուժեղ լիդեր, ապա կարող ենք փրկության մասին մտածել։ Դաժան պայքարի մեկնարկը տրված է։ Ես չեմ ասում ու չեմ կարող ասել, որ վաղն Արցախում արդեն ամեն ինչ այլ է լինելու, բայց նոր փուլի համար անհրաժեշտ մեկնարկը տրվեց։ Ես հույս ունեմ, որ սա կարող է նախադեպ ու օրինակ լինել ՀՀ վարչապետի համար ու նա էլ կհեռանա՝ հասկանալով, որ փրկության համար է դա։ Հիմա մեզ պետք է լիդեր, որի շուրջ մենք կարող ենք համախմբվել։ Դերակատարի փոփոխությունը շատ կարևոր էր, ու դա եղավ, հիմա արցախցու կամքից շատ բան է կախված»,- նշեց Հակոբյանը։

Նա նկատեց՝ արցախցու կամքը եղավ նաև այս գործում որոշիչ, քանի որ շուրջ 500 հոգի ոտքով հասել է Ակնա՝ ցույց տալու, որ պատրաստ է անհաց մնալ, բայց ադրբեջանական «հումանիտար» բեռը չի ընդունի։ Դա, ըստ Հակոբյանի, խոսում է արցախցու անկոտրում կամքի մասին։

«Բացի այդ, Արայիկ Հարությունյանը տեսավ, որ արցախցին չի հանդուրժելու այս ամենը, դա ԱԺ նիստի ընթացքում ինքը տեսավ, երբ հարյուրավոր արցախցիներ ամուր կանգնած մնացին ու ցույց տվեցին, որ չեն նահանջելու»,- նկատեց Հակոբյանը։

Հարցին, թե սա արդյոք չի կարելի դիտարկել որպես պատասխանատվությունից փախուստ, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ այս պահին այդ մասին մտածելու ժամանակը չէ։

«Ովքեր են մեղավոր, ովքեր են այս վիճակի պատասխանատուն ժամանակն ու արդարադատությունը ցույց կտան, հիմա մենք մեղավոր-անմեղ գտնելու ժամանակ չունենք, հիմա կարևոր է այս վիճակից ելք գտնելը։ Իսկ մեղավորներն անպատիժ չեն մնա, որտեղ էլ լինեն»,- ամփոփեց խոսքը Մետաքսե Հակոբյանը։

Նարե Գնունի