Ես դեմ եմ լինելու «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժելու որոշմանը․ «Իմ քայլը» ավագանու անդամ

Ես դեմ եմ լինելու «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժելու որոշմանը․ «Իմ քայլը» ավագանու անդամ

Թուրքիայի իշխանությունները չեն համակերպվում  ապրիլի 28-ին Երեւանի բանուկ հատվածում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանի գոյության հետ։ Պաշտոնական Անկարան այն քանդելու պահանջ է ներկայացրել։

«Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ անկեղծ լինելը։ Մենք չենք ընդունում մեր օսմանյան փաշաների և ադրբեջանցի եղբայրների սպանությունները փառաբանող հուշարձանի (Նեմեսիս) կանգնեցումը», - այսօր  թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։ Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը նախազգուշացրել է պաշտոնական Երեւանին հուշարձանի ապամոնտաժման մասին եւ այդ կապակցությամբ նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում  ասաց, որ ինքը նման որոշմանը դեմ է քվեարկելու։

«Ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, իմ փոխարեն կասեմ՝ արձանը չպետք է քանդվի. ես անձամբ դեմ եմ քվեարկելու, բայց այս պահին նման որոշում չկա»,-նշեց նա։  

Առանց նախապայմանների Հայաստանի հետ բանակցություններ սկսած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի այս հայտարարությունը նախապայման չէ՞ արդյոք, «Իմ քայլը» ավագանու անդամն այդպես չի կարծում։ Սարգսյանն ընդգծում է՝ թուրքական իշխանությունները փորձում են այսպես ազդել բանակցությունների ընթացքի վրա։

MediaHub-ը հիշեցնում է, որ ի պատասխան հուշարձանի տեղադրման՝ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ: 

Լիա Սարգսյան