Երեկվա ընտրությունները փաստեցին՝ Մաթևոսյանը սխալ էր․ մարդ ու անասուն իրարից հիշողությամբ չեն ջոկվում

Երեկվա ընտրությունները փաստեցին՝ Մաթևոսյանը սխալ էր․ մարդ ու անասուն իրարից հիշողությամբ չեն ջոկվում

Երեկ հանրապետության մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում մեծամասամբ ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ 

Սպասելի էր, թե՝ ոչ, բայց Փաշինյանի թիմի ներկայացուցիչները հաղթանակ տարան նաև այն համայնքներում, որոնց ճակատագիրը, ոչ լավ իմաստով, փոխվեց հենց այս իշխանության օրոք։ Օրինակ՝ Իշխանասար, Եղեգիս, Սիսիան․․․ Համայնք, որի բնակիչներն արդեն երկու տարի ականատեսն են, թե ինչպես է թշնամին Իշխանասարի բարձունքից իրենց հետևում, ինչպես ոչ մի քայլ չի արվում թշնամուն Սև լճից հեռացնելու, և ինչպես է իշխանությունը հայտարարում, որ այդ ողջ տարին ձյունով պատված բարձունքը մեզ պետք չէ։ 

Թվում է՝ երեկ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից շատերն իրականությունից կտրված են, չեն հիշում, որ սեպտեմբերի 13-ին թշնամին իրենց համայնքները ևս նշանառության տակ էր առել, իրենցից շատերն էլ ստիպված էին եղել գիշերվա կեսին կին ու երեխային վերցնել ու մութ ճանապարհներով հեռացնել սեփական տներից։ Դրանից մոտ երկու շաբաթ է անցել, ընդամենը երկու շաբաթ․․․ անորոշության, վախի, խուճապի 12 օրեր։ Թվում է նաև, որ ՔՊ-ին ընտրողները չեն հիշում՝ ինչպես էին ճանապարհին հայհոյում իրենց այս օրը գցած, թշնամու առաջ խեղճացրած իշխանությանը։ Բայց, ախր Մաթևոսյանն այնքան վստահ էր պնդում․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Ինչևէ․․․ երեկվա ընտրությունները եկան ևս մեկ անգամ փաստելու, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, արժանի է իր ընտրությանն ու դրանից բխող բոլոր հետևանքներին։

Նարե Գնունի