Ի՞նչ սպասել Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների հարցով

Ի՞նչ սպասել Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների հարցով

Քանի որ հարցը քննարկվում է միջպետական գանգատի շրջանակներում, անհատական գանգատ չի ներկայացվել, չենք բացառում, որ այլ փուլում նախապատվություն կտրվի ինքնուրույն պաշտպանությանը, բայց սա ժամանակը ցույց կտա։  Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին,  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին:

Հայաստանի Հանրապետությունը դիմել է  ՄԻԵԴ, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա պաշտոնյաներին։

«Հոկտեմբերի 12-ին նախատեսված են լսումներ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանում, հայկական կողմը խնդրել է նոր միջոցների կիրառում, մի հարց կա, որն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի  քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ ձեռնպահ մնալ պատժիչ գործողությունների իրականացումներից։ Այս ձերբակալումները, հետապնդումները, կալանքները մեկնաբանվում են որպես պատժիչ գործողություններ Արցախի չճանաչված հանրապետությունում իրականացված գործունեության կամ զբաղեցրած պաշտոնի համար»,-ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն արդարադատության դատարանում։

«Մյուս կողմից, մենք քննարկել և դուրս ենք բերել մարդու իրավունքների մյուս մեխանիզմները, որոնք կարող են առնչվել այս խնդրին և այդ առնչությամբ տարվելու են աշխատանքներ: Առաջիկայում նաև լինելու է Ադրբեջանի ՄԻՊ-ի պարտավորությունների համընդհանուր պարբերական վերանայումը։ 44-րդ սեսիան է, որը տեղի կունենա նոյեմբերին։ Մեր ուշադրության կենտրոնում է մնում փաստահավաքությունը»,- թվարկեց նա։

Հարցին, թե ՀՀ իշխանությունն ի՞նչ պետք է անի այս ուղղությամբ, վերջինս պատասպանեց․

«Տարանջատում եմ մասնագիտական գործունեությունն ու քաղաքական կողմը։ Վստահորեն կարող եմ ասել, որ իրավական կողմը պատշաճ կգործադրվի, մեկ բան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս անձանց կյանքը Արդբեջանի կողմից վերահսկելի է դարձել և սա եղել է քաղաքական նպատակներով, Ադրբեջանին սա հաջողվեց։ Քաղաքական աշխատանքի ճակատ գոյություն ունի, բայց կդժվարանամ պատասխանել սպասումների մասին հարցին»։

Լիաննա Թորոսյան