Պատերազմ՝ վտանգավոր հետևանքներով...

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա:
Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»:
Միջազգային հանրությունը դատապարտել է պաղեստինցիների հարձակումները: Թեհրանը հայտնել է պաղեստինցիներին սատարելու մասին:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեկ քննարկել է Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթուղթ չի ընդունվել:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ բացի այն, որ ծավալվելու ու մեր տարածաշրջանը կրակի մեջ առնելու «պոտենցիալ» ունի, մի վտանգ էլ է հետը բերում: Այն ուկրաինական պատերազմից ոչ պակաս իր վրա կենտրոնացնելու է մեծ խաղացողների ռեսուրսներն ու ջանքերը՝ մեր խնդիրները, նաև անվտանգային կարիքները թողնելով միջազգային քաղաքականության լուսանցքում:
Իրանին պատերազմի մեջ ներքաշելու վտանգը չափազանց մեծ է: Դրա մասին անթաքույց խոսում են Իսրայելի կառավարությունը, այդ միտքը գեներացնում են արևմտյան ազդեցիկ լրատվամիջոցներ:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը Իրանի մասնակցության մասին։ Թերևս, Վաշինգտոնում ձգտում են՝ թույլ չտալ պատերազմի աշխարհագրության մեծացում, որը կարող է վտանգի տակ դնել իրենց դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Իսրայելի և արաբական աշխարհի երկրների մերձեցմանը:
Իսրայելա-պաղեստինյան պատերազմը մեծացնելու է համաշխարհային քաոսը՝ միջազգային զսպող մեխանիզմները դարձնելով ավելի անպիտան: Հրամայական է՝ հնարավորինս նվազագույն ռիսկերով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, Ռուսաստանի հետ հարաբերություններում ինստիտուցիոնալ ճգնաժամի վերացումը: Հակառակ պարագայում՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ահագնանալու են:
Վահրամ Բագրատյան