Ծովինար Վարդանյանի հետ խոսելու է ՀՀ հպարտ, բայց խաբված քաղաքացին

Ծովինար Վարդանյանի հետ խոսելու է ՀՀ հպարտ, բայց խաբված քաղաքացին

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հայտարարել է, որ կամակորության եւ կամայականության լեզվով չի կարելի խոսել իշխող կուսակցության քաղաքական թիմի հետ՝ ասելով, որ ընդդիմությունը միայն իրենց օրակարգով կգա: 

Ծովինար Վարդանյանը «դաստիարակի» պարտականություններ է ստանձնել՝ խորհուրդներ է տալիս, թե ինչպես պետք է ընդդիմությունը խոսի, վարվի, գա նիստերին, թե բացակայի: ՔՊ-ականները տապալվել են ներքին և արտաքին քաղաքական բոլոր հնարավոր ճակատներում՝ արցախյան պատերազմի հետևանքները, հազարավոր զոհերն ու վիրավորները նրանց քաղաքական գործունեության հետևանք են: Ծովինար Վարդանյանն ավելի լավ է շրջի երևանյան փողոցներում, մեկնի մարզեր՝ զոհվածների ծնողներին տեսնի, թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ իրոք հպարտ քաղաքացին՝ ՔՊ-ի և նրանց կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Ծովինար Վարդանյանն իր ողջ գիտակից կյանքում աշխատել է բանկային համակարգում՝ արդյոք կարո՞ղ է նա բացատրել, թե ինչպես է ստացվում, որ Փաշինյանի օրոք ՀՀ արտաքին պարտքը Գինեսի գրքում է գրանցվել՝ նոր ռեկորդներ է սահմանել ՝հասնելով 11 միլիարդի և ինչու համատարած աղքատության պայմաններում՝ ՔՊ-ականների նյութական վիճակը բարելավվում է: Տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել իշխող թիմի անդամներն ու նրանց սպասարկողներն այն պայմաններում, երբ հազարավոր ՀՀ հպարտ քաղաքացիներ քաղցած են մտնում անկողին:

ՔՊ-ականների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքը կոռեկտ է՝ ՀՀ խաբված քաղաքացիների, հազարավոր զավակներ պատերազմում կորցրած ծնողների վերաբերմունքը լինելու է ավելի կոշտ՝ հայ ժողովուրդն է այլևս թելադրում քաղաքական օրակարգ փողոցներում և հրապարակներում՝ ընդդիմությունն ուղղակի այդ բողոքի ձայնը փորձում է քաղաքական գործիքակազմերով լսելի դարձնել իշխանությունների համար:

Վահրամ Բագրատյան