Քարտեզագիր Արեն Մկրտչյանին պետք է գործուղել հայ-ադրբեջանական սահման

Քարտեզագիր Արեն Մկրտչյանին պետք է գործուղել հայ-ադրբեջանական սահման

Այս պրոցեսին վերաբերում եմ խիստ անլուրջ, որովհետև պահանջում են վարչապետի հրաժարականը, մինչդեռ մեկ տարին էլ չի լրացել, երբ վարչապետը հրաժարական տվեց, նշանակվել են արտահերթ ընտրություններ, և 2021թ. հունիսի 21-ին ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրատեղամասեր և իրենց դիրքորոշումը հայտնել են: Ընդդիմությունը չի որոշողը, թե որն է շեղում, որը շեղում չէ, և ընդդիմությունը չի որոշողը, իշխանությունն ինչ մանդատ ունի՝ ինչ հարցեր կարող է լուծելու, և ինչ մանդատ չունի: Թող հանգիստ նստեն տեղները: Այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Եթե չլիներ 2018թ.-ի պետական հեղաշրջումը կամ արտաքին պատվերով «գունավոր հեղափոխությունը», որն ավարտվեց Արցախի դե-ֆակտո հանձնմամբ՝ Արեն Մկրտչյանի մասին ոչ ոք չէր լսի՝ անգամ հայրենի Ալավերդիում:  Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ եւ քարտեզագրություն բաժինն ավարտած Արենն անդրադառնում է համազգային ցույցերին՝ ՀՀ իրոք հպարտ քաղաքացիների պայքարին՝ Արցախի փրկության շարժման մասնակիցներին կոչ անելով հանգիստ նստել տեղները: 

ՔՊ-ական իշխանությունները սկսել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «քիրվայական դիվանագիտությունը», ինչի արդյունքում Արցախն ընդմիշտ կարող է մնալ Ադրբեջանի կազմում, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Հայոց ցեղասպանությունը կարող է մոռացության մատնվել և ցեղասպանության միջազգային ճանաչումը դուրս մղվել ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Փաշինյանն ու Ալիևն օր առաջ ցանկանում են սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան և Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ եւ քարտեզագրություն բաժինն ավարտած Արեն Մկրտչյանը կարող է օգնել այդ հարցում՝ Տավուշից մինչև Մեղրի քայլելով գծանշումներ անել քարտեզի վրա և ՔՊ-ի կուսակցական դրոշներ տեղադրելով հայ-ադրբեջանական սահմանին:

Փաշինյանի օրոք քաղաքականությունը վերածվել է դիլետանտության՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու պատահական մարդիկ հայտնվել են պետական ապարատում, որն էլ ամեն օր կազմաքանդվում է՝ փլատակների տակ ցավոք թողնելով հայոց պետականությունն ու հայ ազգի ապագան:

Վահրամ Բագրատյան