Ծնողների սրտները պայթում է. ինչպե՞ս են Հայաստանում մնացած արցախցի երեխաները

Ծնողների սրտները պայթում է. ինչպե՞ս են Հայաստանում մնացած արցախցի երեխաները

Արդեն երկու օր է՝ թշնամին փակ է պահում Արցախը մայր հայրենիքին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով շատ արցախցիներ մնացել են ճանապարհին։ Հայաստանից իրենց տուն հասնել չեն կարողացել նաև 270 երեխաներ։ Նրանցից 18-ն այս պահին Երևանում է՝ մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար էին եկել ու ստիպված մնացել։

«Փորձում ենք ամեն բան անել, որ երեխաները չընկճվեն, չկարոտեն ծնողներին, հոգեբանական բարդ վիճակում չհայտնվեն»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցի ուսուցչուհի Անահիտ Գաբուդյանը։ 

Նա տեղեկացրեց, որ այս պահին անորոշության մեջ են, հայաստանցի բարերարների հետ փորձում են որոշ քայլեր անել, որպեսզի երեխաներին զբաղեցնեն, նրանց օրը լցնել։

«Ծնողների հետ խոսում են, նրանք էլ են հազիվ զսպում իրենց։ Փորձում են ցույց տալ, որ լավ է ամեն ինչ, բայց սիրտները պայթում է, անհանգստությունից չգիտեն՝ ինչ անել։ Որքան էլ մենք ասում ենք, որ ուշադիր ենք, բայց դե ծնող են, անհանգստանում են։ Մենք էլ ենք անորոշության մեջ, չգիտենք՝ ինչ է լինելու։ Երեխաներին համոզում ենք, որ մտածեն, թե ձմեռային արձակուրդ է, եկել են հանգստանալու»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ այսօր երեխաներին տանելու են Երևանի տեսարժան վայրեր այցելության, որպեսզի նրանք մի փոքր ցրվեն։

Նարե Գնունի