Ուղղաթիռով մարզից մարզ մեկնող առողջապահության նախարարը Արցախ ուղղաթիռ չի ուղարկել

Ուղղաթիռով մարզից մարզ մեկնող առողջապահության նախարարը Արցախ ուղղաթիռ չի ուղարկել

Սանավիացիայի ուղղաթիռով Սյունիքից Տավուշ գործուղումների մեկնող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռեւս որոշում չունի՝ ծայրահեղ ծանր վիճակում Արցախի հիվանդանոցում պառկած մարդկանց Հայաստան տեղափոխելու հարցում։ 

«Այս պահի դրությամբ Արցախից հիվանդ չի տեղափոխվել Հայաստան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ 

Վերջինս նշել էր, որ նախարարությունը կապի մեջ է Ստեփանակերտի բժշկական կենտրոնի հետ, իրավիճակը վերահսկում են։ 

«Իրավիճակը վերահսկելի է, քանի որ մեր մասնագետները ինտենսիվ կապի մեջ են»,-ասաց Խաչատրյանը՝ անպատասխան թողնելով հարցը, թե արդյո՞ք նախարարությունը դիտարկում է՝ Արցախից օդային ճանապարհով հինանդներին Երեւան տեղափոխելու անհրաժեշտությունը։ 

Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արցախահայությունը փաստացի կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Դեռ երեկ էինք գրել, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց շտապ պետք է տեղափոխել Երեւան։ Հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանն էր MediaHub-ի հետ զրույցում նշել՝ «հիվանդները գտնվում են ռեանիմացիայում, շտապ մասնագիտացված հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա»։ Նա նշել էր, որ մեկ այլ հիվանդ էլ պետք է շտապ տեղափոխվի Նորք-Մարաշ կենտրոն՝ սրտի վրա բաց վիրահատություն իրականացնելու համար։

Առավոտվա դրությամբ ճանապարհը դեռ փակ է, երեկվանից Արցախը զրկվել է նաև գազամատակարարումից, իսկ կառավարությունն էլ այսօր հայտարարեց, որ բենզինի և դիզվառելիքի խնդիր է առկա հանրապետությունում:

Լիա Սարգսյան