«Դպրոցները չեն ջեռուցվում․ փակ են»․ ի՞նչ վիճակ է Արցախում

«Դպրոցները չեն ջեռուցվում․ փակ են»․ ի՞նչ վիճակ է Արցախում

Վայքում եմ, բայց արցախցիների հետ կապի մեջ։ Մարդիկ շրջափակման մեջ են, գազամատակարարումն են խափանել, որն ավելի է դժվարացնում այնտեղ ապրողների կյանքը, չեն կարողանում իրենց առօրյան դասավորել։ Դպրոցները, որոնք գազով կամ էլեկտրաէներգիայով էին ջեռուցվում, չեն աշխատելու։ Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ 

«Ընթացքը բարդ է, չես կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Բերձորի հանձնումից հետո շատերը Ստեփանակերտ են տեղափոխվել, այդ պատճառով հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի բերձորցի է շրջափակման մեջ հայտնվել։ Ամեն դեպքում՝ պինդ են, ձիգ են՝ հույս ունենալով, որ երկար չեն շրջափակման մեջ մնալու»,-ասաց նա։

Ալեքսանյանը հիշեցրեց, որ արցախցիներից շատերը Սյունիքի մարզում են շարունակում մնալ, մինչև հասկանան, թե հետագա զարգացումներն ինչպես կփոխեն պատկերը։ 

«Ես հենց փակման օրը պիտի գնայի Արցախ, չստացվեց»,-նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:

Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:

Լիաննա Թորոսյան