Ո՞ր քաղաքական ուժերը կմասնակցեն Հ1-ի բանավեճին

Սեպտեմբերի 14-ին Հանրային հեռուստաալիքը (Հ1) բանավեճի է հրավիրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի քաղաքապետի թեկնածուներին։ Ովքե՞ր են իրենց համաձայնությունը տվել մասնակցելու բանավեճին. MediaHub.am-ը պարզեց՝ զրուցելով քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Այսպես, «Ապրելու երկիր» կուսակցությունից հայտնեցին, որ մասնակցելու են թե՛ սեպտեմբերի 12-ին և թե՛՝ 14-ին. «12-ին մասնակցելու է Մեսրոպ Առաքելյանը, 14-ին՝ Մանե Թանդիլյանը»,- ասացին կուսակցությունից։
Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որ իրենք կընդունեն Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չլինի «իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը:
Բնականաբար՝ իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը մասնակցելու է բանավեճին՝ անկախ վարողից։
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման կմասնակցի բանավեճին։
Ի տարբերություն նրա, «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը դեռևս տատանվում է։ Նա նշեց, որ նախնական համաձայնություն տվել են, սակայն, հնարավոր է՝ չգնան։
Քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանն էլ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ վստահ չէ՝ ժամանակային առումով կհասցնի՞ հենց ինքը մասնակցել, բայց, ամեն դեպքում, ուժից ներկայացուցիչ անպայման կլինի։
«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է բանավեճին։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը ևս մասնակցելու է բանավեճին։
Սպասվող բանավեճին մասնակցելու հավանություն տվել է նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ մասնակցելու է՝ նշելով, որ այս ընթացքում որևէ բանավեճ բաց չի թողել:
«Մայր Հայաստան» դաշինքի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Այսպիսով, միակը, ով հստակ նշել է պայմանը, թե ինչու չի մասնակցելու բանավեճին, Հայկ Մարությանն է:
Նարե Գնունի