ՔՊ-ական ղեկավարությունը Մալաթիայում կենցաղային տեխնիկա է բաժանել

Երևանի ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել: Արդեն սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի բնակիչները, այդ թվում և օտարերկրացի, քաղաքապետ կընտրեն:
Այս օրերին հետևում ենք քաղաքական ուժերի քարոզարշավին: Ճիշտ է, բացահայտ կաշառքի բաժանման մասին փաստեր կարծես թե չեն արձանագրվել, բայց ուժերից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, շարունակում է ակտիվ օգտագործել վարչական ռեսուրսը:
Այդպես, Երևանի քաղաքապետարանն այսօր լուր տարածեց, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք։
Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ նա ակտիվ մասնակցում է քարոզարշավին՝ ուղեկցում է իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին բակային հանդիպումներին:
MediaHub-ը հենց Բարխուդարյանից ճշտեց, որ վերջինս արձակուրդի մեջ է։
«Մնացյալ հարցերը վարչական շրջանի ղեկավարի ժ/պ-ին ասեք»,-ասաց նա։
Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ ընտանիքներին կենցաղային տեխնիկա, կահույք տրամադրելը որպես ընտրակաշառք կընկալվի, վերջինս արձագանքեց․
«Նման ծրագրեր, առաջին անգամը չէ, որ անում ենք։ Վարչական շրջանի ծրագրերը նախօրոք հրապարակված են եղել»։
Այդուհանդերձ, այս փուլում նման ծրագրերի իրագործումը, այն էլ իր անվամբ, երբ ինքն էլ քարոզարշավի է, բավականին հարցեր է առաջ քաշում:
Լիաննա Թորոսյան