Անթույլատրելի են Արցախի նախագահի ընտրություններում բախումներ հրահրող գործողությունները. Մանուկյան

Անթույլատրելի են այս պայմաններում վաղը կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում բոլոր պառակտիչ, ներազգային բախումներ հրահրող գործողությունները և կապ չունի այդ գործողությունները կհրահրվեն ներսից, թե արտաքին ուժերից : Այդ թվում՝ Հայաստանի իշխանական որոշ շրջանակների կողմից։ Արցախահայությունը պետք է ցույց տա իր միասնականությունն ու միահամուռությունը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կասկածի տակ չդնելով Արցախում իշխանության լեգիտիմությունը, արցախահայությունը պետք է ընտրություններից դուրս գա որպես ամբողջական, կուռ, հավաքական պետական համակարգով, որտեղ որոշում կայացնելը լինելու է պատասխանատվություն, խուսափումներ չեն լինելու»,- նշեց նա:
Մանուկյանի խոսքով, վճռական որոշում կայացնող իշխանության ձևավորմամբ հնարավոր կլինի արցախահայության իրավունքների պաշտպանության պայքարը շարունակել:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է նախատեսում ընդդիմությունը նոր հանրահավաք անցկացնել կամ այլ գործողություններ ծրագրո՞ւմ է, Մանուկյանը պատասխանեց․
«Հանրահավաքները ինքնանպատակ չեն, հանրահավաքները ունենում են իրական նպատակ և հանրահավաքներով չի, որ պետք է քաղաքական պայքար մղվի։ Եթե հանրահավաքի կարիք լինի, ապա առաջին հերթին հասարակությունն ու մամուլը տեղեկացված կլինեն»։
Մարիա Զարգարյան