Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքից հեռացրեց իր կողմից նշանակված ԱԱԾ չորրորդ պետին՝ Արմեն Աբազյանին, որն այս պաշտոնին էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին ու թերևս ամենաերկարը ծառայեց իր ղեկավարին:
Այսօր մի խումբ անհետ կորածների հարազատներ պահանջում էին Կառավարության դիմաց հետ բերել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ «իրենք մեծ հույսեր էին կապում Աբազյանի հետ»։
MediaHub-ին հասած տեղեկություններով՝ Աբազյանը մի շարք խոստումներ էր տվել անհետ կորածների հարազատներին և գերեվարվածների հարազատներին, իրենք էլ մեծ հույսեր էին կապում, որ մոտ ապագայում ամենը լավ կլինի։ Սակայն, այսօր փաստի առաջ կանգնեցին, քանզի Աբազյանի տված բոլոր խոստումները նրա հեռացմամբ «փուչիկի պես պայթեցին»։
Գերեվարվածներից մեկի հարազատը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկապես մտահոգել է այն հանգամանքը, որ Աբազյանն այլևս ԱԱԾ տնօրեն չէ։
«Այնպես չի, որ Աբազյանը մեր բոլոր հարցերին սպառիչ պատասխանել է, բայց գոնե մեզ ընդունում էր, որոշ հարցերին լուծում է տվել, շատերին ուղղակի օգնել՝ սոցիալական խնդիրները լուծելով, իր լծակներն օգտագործել է դրա նմանատիպ հարցերում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ընդունեց, որ այս ամենը զուտ խոսակցությունների մակարդակով է եղել,, այնպես չէ, որ իրենց ավելի տվյալներ է հայտնել կամ Բաքվում պահվողների մասով նոր բան ասել, բայց միևնույն է կապ կար այդ անձի հետ, իսկ հիմա չգիտեն ինչ է լինելու՝ հաջորդ ԱԱԾ տնօրենն ո՞վ է լինելու, իրենց հետ կապը պահելու է, թե ոչ կամ գուցե այնպիսի մեկը լինի, որ այս գործերին խորապես չի տիրապետում։
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ MediaHub-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի վոթսափյան հերթական նամակի պատճառը հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երեկվանից սկսած զարգացումներն են: Կարապետյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, և դա հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին: Գործարարի հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր խմբակը սկսեցին հոխորտալ ու սպառնալ Սամվել Կարապետյանին՝ ընդհուպ ՀԷՑ-ը պետականացնելուն հասան: Փաշինյանի հրապարակային պահանջից ժամեր անց հաջողվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել: Այժմ դատարանը քննում է նրան կալանավորելու հարցը:
Մարիաննա Արամյան