«Ինեկոբանկը» թալանո՞ւմ է մարդկանց

Այսօր MediaHub-ը հերթական անգամ ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ «Ինեկոբանկը» զբաղված է գումարի շորթմամբ։
Մեզ դիմած քաղաքացին Ռուզաննա Հեփոյանն է, ով պատմեց, որ քրոջ քարտին հունիսի 25-ին գումար են փոխանցել, որից հետո իր քույրը գումարը հանել է քարտից։ Դրա հաջորդ օրը տեսել է, որ այդ գումարը հետ է գանձվել, ու քրոջ հաշիվը -76,000 է դարձել։
«Դրանից հետո քույրս իր հերթին է դիմում գրել, ես՝ իմ հերթին։ Ասել են, որ բանկում կապի տատանման խնդիր է եղել, ու գումարը հետ է գանձվել, չի փոխանցվել։ Մենք էդ գումարը ձեզ պարտքով էինք տվել, հիմա հետ ենք վերցնում։ Բայց քույրս ծանուցում ստացել է, որ «Արարատբանկից» իրեն գումար է փոխանցվել։ Ինքն էլ, որ տեսել է, որ այդ գումարը նստել է, հանել է քարտից»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բանկից իրենց ասել են, որ կապի տատանում է եղել, և ուղղակի պիտի գումարը քարտից չհանվեր։
«Բայց խնդիրն այն է, որ բանկը չի ծանուցել, որ այդ գումարը պիտի չհանվի։ Ոչ էլ երևում է, որ մինուս է գնացել այդ գումարը, ուղղակի անհետանում է։ Անկապ, անիմաստ պատասխան են տալիս, թե կապի խնդիր է եղել։ Մենք էլ ասում ենք՝ կապի խնդիր է եղել, դուք էլ փոխանցող բանկի հետ աշխատեք, ասեք, որ նման խնդիր է առաջացել։ Իսկ իրենք հաճախորդին են դնում վատ վիճակի մեջ»,- նշեց Ռուզաննա Հեփոյանը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մենք այս բանկի հետ կապված դժգոհություններ ենք լսում։ Որոշ ժամանակ առաջ էլ մեր ընթերցողներից մեկը ահազանգել էր, որ խանութներից մեկից բանկային քարտով գնում է կատարել, գումարն իր քարտից դուրս է եկել, ինչը հաստատվել է նաև sms հաղորդագրությամբ, սակայն խանութ չի հասել, ինքն էլ ստիպված է եղել կանխիկ վճարում կատարել՝ հույս ունենալով, որ իր գումարը հետ կնստի։
«Գումարը հետ չնստեց, երկու-երեք դիմում գրեցինք բանկին, անգամ հերքում էին, ասում էին, որ գումարը դուրս չի եկել, բայց sms-ի առկայությունը ինչպե՞ս կհերքեն: Սակայն սայլը տեղից այդպես էլ չշարժվեց, որոշեցինք այդքան էներգիա չծախսել, քանի որ խոսքը շատ մեծ գումարի մասին չէր, բայց պատկերացնո՞ւմ եք, թե քանի քաղաքացի է նման խնդրի բախվում ու ուղղակի բյուրոկրատական քաշքշուկի մեջ չհայտնվելու ու նյարդերը խնայելու համար ձեռք քաշում գումարից: Բանկն էլ շատ հանգիստ խղճով դրանից, փաստորեն, օգտվում է, քանի որ մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեցին ու ոչ մի բան չասացին դիմումի ընթացքի մասով»,- նշեց նա։
Նշված խնդիրների հետ կապված հույս ունենք՝ բանկը հստակ արձագանք կունենա։ Նշենք, որ MediaHub-ը պատրաստ է հրապարակել նաև բանկի տեսակետը։
Նարե Գնունի