«Մենք պատրաստվում ենք դիմել ՄԻՊ-ին»․ փաստաբանական ծառայությունները կթանկանան

Փաստաբաններին ավելացված արժեքի հարկ մտցնող օրենքը շուտով ուժի մեջ կմտնի։ Դրանից հետո փաստաբանները պարտավոր կլինեն իրենց եկամտի 20 տոկոսը՝ որպես ԱԱՀ, վճարել պետությանը։ Փաստաբանների կարծիքով՝ սրանից նախևառաջ տուժելու են հասարակ քաղաքացիները, քանզի այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված են լինելու բարձրացնել փաստաբանական ծառայությունների գները, բացի այդ՝ այլևս չեն կարողանա անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել։ Բայց իշխանությունը, ինչպես միշտ, այս հարցերը հաշվի չի առել՝ թքած ունենալով թե՛ մի ամբողջ փաստաբանական համայնքի, թե՛ իրենց հռչակած հպարտ քաղաքացիների շահերի վրա։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս դիմի Սահմանադրական դատարան, չեն բացառում՝ պատգամավորների միջոցով ևս դիմեն ՍԴ։
«Մենք համարում ենք, որ այստեղ սահմանադրականության հարց ունենք, մասնավորապես՝ հարցերից մեկը անվճար իրավաբանական օգնության սահմանափակումն է, ըստ էության՝ անհատ փաստաբանները, որոնք առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով են գործում, չեն կարողանալու անվճար իրավաբանական օգնություն տրամադրել։ Իսկ այդպիսի փաստաբանները մեծամասնություն են կազմում, միայն հասարակական կազմակերպություններում գործունեություն ծավալող փաստաբաններն են ազատված ԱԱՀ-ից, բայց նրանք այդքան մեծ թիվ չեն կազմում»,- ասաց Սիմոն Բաբայանը։
-Իսկ նախկինում ի՞նչ պայմաններում էին գործում փաստաբանները։
-Նախկինում փաստաբանները մեծամասնությամբ գործում էին շրջանառության հարկի տիրույթում, եթե իրենց շրջանառությունը գերազանցում էր տարեկան 115 միլիոնը, իրենք նոր անցնում էին ԱԱՀ տիրույթ, բայց փաստաբանների գերակշիռ մասն աշխատում էին շրջհարկի տիրույթում, և այդ տիրույթում նրանք հնարավորություն ունեին անվճար իրավաբանական օգնություն մատուցել, քանզի դա, մեծ հաշվով, հարկային որևէ խնդիր չէր առաջացնում։ Եւ, այս պայմաններում, այն փաստաբանները, որոնք անվճար իրավաբանական օգնություն էին տրամադրում, ավելացված արժեքի տիրույթում աշխատելով՝ այդ 5 տոկոսը դուրս է գալու, մենք վճարելու ենք շահութահարկ և ԱԱՀ։ Դա ենթադրելու է, որ ծառայությունների ինքնարժեքը ակնհայտորեն կբարձրանա, և երկրորդը՝ հենց անվճար իրավաբանական օգնության հարցն է առաջանալու։ Եւ մի շատ կարևոր հարց կա, որը մեզ համար ևս խնդրահարույց է, փաստորեն, այս կարգավորումների պայմաններում ստացվում է հետևյալ իրավիճակը․ օրինակ՝ առևտրային կազմակերպությունները, որոնք իրավաբանական օգնություն են ստանում փաստաբաններից և վճարում են ԱԱՀ, իրենց համար իրենց ծառայությունն ավելի էժան կլինի, քան սովորական քաղաքացու համար, որովհետև առևտրային կազմակերպությունները հնարավորություն ունեն այդ ԱԱՀ-ն հաշվանցելու, իսկ հասարակ քաղաքացիները՝ ոչ։
-Դուք այս ամենը ներկայացրե՞լ եք պատգամավորներին, որոնք ընդունել են այս օրենքը, և իրենք ի՞նչ հիմնավորում են բերում, ինչո՞վ են բացատրում այս օրենքի անհրաժեշտությունը։
-Այս օրենքի անհրաժեշտությունն իրենք հիմնավորում են նրանով, որ ԱԱՀ կիրառումը լինելու է համատարած, և շրջանառության հարկը խիստ բացառիկ դեպքերում է կիրառվելու, և մասնագիտացված ծառայությունները պետք է վճարեն ԱԱՀ։
-Ես լսել եմ որոշակի մեկնաբանություններ այս օրենքի վերաբերյալ, որ ասում են՝ փաստաբանները միլիոններ են ստանում, հատկապես «նախկինների թալանը» պաշտպանող փաստաբանները, հետևաբար, եթե այդքան ստանում են, թող դրա մի մասը վճարեն պետբյուջե։
-Չէ, այդ մոտեցումը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մենք ունենք 2600 փաստաբան, և նույն ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով կամ կոռուպցիոն հանցագործությունների շրջանակներում, չեմ կարծում, թե դրանք գերակշիռ մասն են կազմում, մենք այսօր գործ ունենք քաղաքացիների իրավական օգնության հետ։ Մենք դատարաններում ունենք 250 հազար գործ այսօր, և առնվազն այդքան գործի շրջանակներում մարդիկ օգտվում են իրավաբանական օգնությունից, և նրանց համար դա խնդիր է լինելու։ Միլիոններ չեն աշխատում փաստաբանները, և եթե միլիոններ աշխատում են, իրենք իրենց հարկային պարտավորությունները այսպես, թե այնպես, կատարում են։ Բայց խնդիրը փաստաբաններինը չէ, խնդիրն իսկապես քաղաքացունն է, որովհետև ծառայություն հայցողը քաղաքացին է։
-Իսկ կարո՞ղ է պետությունն ասել, որ եթե անվճար իրավաբանական օգնություն ես ուզում, գնա՛, դիմի՛ր հանրային պաշտպանի գրասենյակին՝ մենք դրա համար ֆինանսավորում ենք։
-Ոչ, չի կարող ասել, որովհետև հանրային պաշտպանությունից օգտվում են կոնկրետ կատեգորիայի անձինք։ Ամեն քաղաքացի չի կարող դիմել, նա պետք է ունենա որոշակի կարգավիճակ և որոշակի սոցիալական խմբի մաս կազմի, օրինակ՝ ունենա հաշմանդամություն կամ լինի անվճարունակ։ Բայց ոչ միշտ է լինում, որ դու անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում ես բացառապես այդ խավին։
-Ովքե՞ր են օրենքի հեղինակները, և իրենց հետ քննարկում ունեցե՞լ եք մինչ օրենքի ընդունումը։
-Օրենքի հեղինակը ֆինանսների նախարարությունն է, մենք երկու քննարկում ենք ունեցել Ազգային ժողովում թե՛ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, թե՛ տնտեսական հարցերի հանձնաժողովում, մենք մեր մտահոգությունները ներկայացրել ենք, բայց, ցավոք սրտի, արդյունքի չենք հասել։
-Հիմա դուք դիմելու եք ՄԻՊ-ին, որ ի՞նչ անի ՄԻՊ-ը, և ի՞նչ ակնկալիք ունեք ՄԻՊ-ից, առհասարակ։
-Ակնկալիքը հետևյալն է, որ մենք տեսնում ենք այս օրենքի շրջանակներում սահմանադրականության խնդիր, ուստի այդ սահմանադրականությունը պետք է քննարկվի Սահմանադրականության դատարանում։ Իսկ ավելի վաղ հանրապետության նախագահին էինք դիմել, որ նա բարձրացնի սահմանադրականության հարցը, բայց արդեն ստորագրել է նախագահը։
-Իսկ ի՞նչ եք կարծում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կաջակցի՞ Ձեզ այս հարցում, թե՞ նա էլ կմերժի։
-Մենք ժամանակին ՄԻՊ-ի հետ ստորագրել ենք հուշագիր, որ այդպիսի թիրախային և խնդրահարույց գործերի շրջանակներում ստանանք Պաշտպանի աջակցությունը, ուստի մենք հիմա կդիմենք, և հույս ունեմ՝ մերժում չենք ստանա։
-Բայց Դուք այդ հուշագիրը ստորագրել եք այն ժամանակ, երբ Արման Թաթոյանն էր ՄԻՊ-ը, հիմա Անահիտ Մանասյանն է, որի վերաբերյալ ընկալումն այնպիսին է, որ նա ավելի շատ իշխանության շահերի պաշտպանն է։ Դուք ունե՞ք տիկին Մանասյանի հետ արդյունավետ համագործակցության որևէ փորձառություն, որ ինքը մաքսիմալ անկախ է գործել և հիմա էլ այդպես կգործի։
-Ես քաղաքական կոնտեքստում այս հարցին գնահատական չեմ տա, քանզի չունեմ դրա արդյունքը։ Բայց մենք, այնուամենայնիվ, ՄԻՊ-ի հետ համագործակցում ենք այն շրջանակներում, երբ անձինք բերման են ենթարկվում, և նրանց իրավական պաշտպանություն է անհրաժեշտ, և այս առումով համագործակցություն կա, և մենք լիահույս ենք, որ նմանատիպ քաղաքական կախվածության մեջ չենք ընկնի։
Վահե Մակարյան