Շրի Լանկան արտաքին պարտավորությունների գծով դեֆոլտ է հայտարարել

Շրի Լանկան արտաքին պարտավորությունների գծով դեֆոլտ է հայտարարել

Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է երկրի բոլոր արտաքին պարտավորությունների գծով վճարումների դադարեցման մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է գերատեսչության հրապարակված հրամանագրում։

«Նախարարության քաղաքականությունը լինելու է որոշակի ժամկետով ամբողջ [արտաքին] պարտքի գծով բոլոր վճարումները սառեցնելը, որպեսզի այդ պարտավորությունները պատշաճ կերպով վերակառուցվեն՝ ԱՄՀ-ի կողմից աջակցվող տնտեսական վերափոխման ծրագրին համապատասխան»,- ասվում է փաստաթղթի մեջ։

Նշվում է, որ դեֆոլտ է հայտարարվել «միջազգային շուկաներում թողարկված բոլոր պարտատոմսերի, բոլոր երկկողմանի վարկային պարտավորությունների գծով՝ բացառությամբ Շրի Լանկայի Կենտրոնական բանկի և այլ երկրների միջև սվոփային» պայմանագրերի։ Նաև դադարեցվել են վճարումները առևտրային բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների հետ արտարժույթով արտահայտված վարկային պայմանագրերով։

Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը նշում է, որ «այս միջոցառումներն արտակարգ են և վերջին միջոցը՝ կանխելու երկրի ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը»։ Երկրի իշխանությունները մտադիր են ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությամբ մշակել տնտեսության վերակազմավորման ծրագիր դրա «լիարժեք վերականգնման» համար և դա անել «որքան հնարավոր է շուտ»։

Որպես տնտեսությունում բացասական գործընթացների և արտաքին պարտքը սպասարկելու անկարողության պատճառներ՝ գերատեսչությունը նշում է համավարակի ազդեցությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքները։

Սա Շրի Լանկայում ամենավատ տնտեսական ճգնաժամն է 1948 թվականի անկախությունից ի վեր: Դա պայմանավորված է համավարակի պատճառով արտաքին զբոսաշրջության կրճատմամբ, ինչը հանգեցրել է երկրի արժութային պահուստների դեֆիցիտի։ Այս պայմաններում Շրի Լանկայի իշխանությունները ստիպված են եղել կրճատել ներմուծումը և ռեսուրսների խիստ խնայողություն մտցնել։ Շրի Լանկան ցեմենտի, ավտոպահեստամասերի, վառելիքի, սննդի մեծ կարիք ունի։ Այս իրավիճակը հանգեցրել է գնաճի ավելացման, որը մարտին հասել է 17 %-ի։ Արտաքին փոխառություններին և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի արտաքին պարտքը, որը կազմում է 35 մլրդ դոլար։