Կա տպավորություն, որ այս իշխանությունը լծվել է թուրքական նախապայմանները բավարարելու գործին. Վանեցյան

Փաշինյանն ու իր թիմը վստահեցնում են, որ նախապայմաններ չկան, առանց նախապայմանների ենք հարաբերություններ կարգավորում: Բայց պրոցեսները, իրադարձությունները այլ բանի մասին են վկայում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Անկարայից ու Բաքվից չեն դադարում հնչել այդ նախապայմանները, ավելին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կողմը հրապարակային հայտարարել է առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց իրականում շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք նոր կարևորություն ու արժեք են տալիս նույն այդ նախապայմաններին», - նշել է Վանեցյանը՝ հիշեցնելով, որ թուրքական «ավանդական» նախապայմաններին պատերազմից հետո միացավ ևս մեկը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը․ «Թուրքիայի խորհրդարանը վերջերս վավերացրեց դեռ մեկ տարի առաջ Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որտեղ ուղղակի հղում կա Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է սա, եթե ոչ նախապայման»:
Վանեցյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբեություններից հրաժարվել և հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակել է հենց Թուրքիան: «Չե՞ք կարծում, որ այսօր բանակցային սեղանի շուրջ ինչ-որ բանի դիմաց սահմանը բացելու հարց քննարկելն ինքնին նախապայման է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից: Եթե Անկարան ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ապա պիտի նախ և առաջ միակողմանիորեն բացեր սահմանը, որից հետո մյուս հարցերի շուրջ կարող էին սկսվել բանակցություններ: Այսինքն, այստեղ նույնպես մեզ փորձում են մոլորեցնել, և առավել քան միանշանակ է՝ այստեղ կան նախապայմաններ, դրանցից ոչ մեկից թուրքական կողմը չի հրաժարվել: Ավելին՝ գործընթացներից կա տպավորություն, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն էլ լծվել են դրանք բավարարելու գործին», - նշել է Վանեցյանը։