Մենք գործ ունենք հայ-թուրքական խիստ գաղտնի, քողարկված գործընթացների հետ. Արթուր Վանեցյան

Հայ-թուրքական երկխոսություն չկա. այն Թուրքիայի օրակարգն է՝ բացառապես և ամբողջապես, և ՀՀ-ն՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, հլու հնազանդ առաջ է տանում և կյանքի է կոչում այս օրակարգը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ վստահություն հայտնելով, որ մեր շահերը որևէ կերպ ներկայացված ու պաշտպանված չեն այս գործընթացում:
Վանեցյանի պնդմամբ՝ մյուս կարևոր խնդիրն այն է, որ չնայած այս իշխանությունները փորձում են գործընթացը բաց ու թափանցիկ ներկայացնել, բայց իրականում մենք գործ ունենք խիստ գաղտնի, քողարկված պրոցեսների հետ․ «Ինչի՞ շուրջ են «բանակցում» Փաշինյանն ու Էրդողանը՝ անհայտ է: Ցավոք, այս իշխանությունները մեր հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնալու հարուստ փորձ ունեն և ես չգիտեմ, թե վերջում մեզ ինչ արդյունքի, ինչ փաստի առաջ են կանգնեցնելու», - ասել է Արթուր Վանեցյանը:
Վերջինս կարևորել է նաև այն հանգամանքը, թե ի վերջո այսօր հայ-թուրքական գործընթացն առանց միջնորդների է, թե՞ այստեղ կա միջնորդ կամ միջնորդներ․ «Սա շատ կարևոր է հատկապես այսօր ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում», - շեշտել է Վանեցյանը: