Այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամային կառավարման հարցում. Վանեցյան

Այսօր առկա արտագաղթի տեմպն համեմատության մեջ է 90-ականներին արձանագրված ցուցանիշի հետ: Հիշում ենք՝ ինչ մարդկային ու մասնագիտական մեծ ռեսուրսների կորուստ ունեցանք այն ժամանակ: Ցավոք մտավախություն ունեմ, որ մենք այսօր նորից բախվել ենք այդ մարտահրավերին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ՝ ոչինչ, ավելի ճիշտ անում է քայլեր՝ խթանող արտագաղթի ծավալները։ Ես ավելին ասեմ, այսօր մենք ականատես ենք լինում Ռուսաստանից, Ուկրաինայից մեծ թվով մարդկանց Հայաստան տեղափոխվելու գործընթացին՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով: Ես անկեղծորեն չեմ բացառում, որ հետագայում այս իշխանությունները կփորձեն արտագաղթի վիճակագրություն էլ խեղաթյուրել՝ օգտագործելով այսօր Հայաստան տեղափոխվողների թիվը: Ես անգամ սա չեմ բացառում», - ասել է Վանեցյանը:
Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ վերջինս Հայաստանում և Արցախում այսօր առկա անվտանգային լրջագույն խնդիրներին հավելեց մի շարք այլ պատճառներ՝ սկսած մարդու իրավունքների խայտառակ վիճակից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ։ «Ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են, դրա մասին մենք առիթ ունեցել ենք բավական մանրամասն խոսելու։ Անմխիթար վիճակում է այսօր մեր դատաիրավական համակարգը. պարզապես խայտառակություն է դատավորին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հետապնդման ենթարկելը։ Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, և սա փաստ է», - ասել է Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը կարևորեց նաև տնտեսական խնդիրները՝ գնաճից ու թանկացումներից մինչև ներդրումային սպառված գրավչություն, արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության բացակայություն, բիզնես անորոշություն, պետության կողմից կարճաժամկետ որոշումների ընդունում և այլն:
«Մի բան հստակ է՝ կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամայի՛ն կառավարման հարցում։ Իսկ մենք փաստենք, որ այսօր մեր երկիրը ճգնաժամի մեջ է, որին էլ, ի դեպ, մեզ հասցրել է նույն այս իշխանությունը», - նշել է Վանեցյանը։