Մանկապարտեզը մի քանի տարի է վերանորոգվում է․ ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի բացում այն

MediaHub-ը պարբերաբար ահազանգեր և բողոքներ է ստանում դպրոցների, մանակապարտեզների, այլ կրթական հաստատությունների գործունեության հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Այս անգամ քաղաքացիների բողոքը Նոր Նորքում գտնվող հ. 105 մանկապարտեզի մասին է։
«Մի քանի տարի է հ. 105 մանկապարտեզը գտնվում վերանորոգման փուլում, գրանցել էի երեխայիս՝ մտածելով, որ 1-2 տարի կտևի վերանորոգումը, և երբ կվերջանա, երեխաս կլինի արդեն 3 տարեկան և մանկապարտեզ կտանեմ։ Բայց անցել է մի քանի տարի, այլ մանկապարտեզներում հերթն այնքան շատ է, որ տեղ չկա, երեխաս արդեն դպրոց պետք է գնա, իսկ մանկապարտեզն այդպես էլ գտնվում է վերանորոգման փուլում»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։
Ավելին, նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, որ մանկապարտեզը լրիվ վերանորոգված է, անգամ հասցրել են մի քանի անգամ ներկման աշխատանքներ կատարել, փոխել գույնը, բայց պաշտոնապես այն իր դռները երեխաների առջև չի բացում։
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչո՞ւ հ. 105 մանկապարտեզը չի բացվում, ո՞ր փուլում են գտնվում վերանորոգման աշխատանքները և քանի՞ մանկապարտեզ է նույն վիճակում գտնվում:
«Երևանի քաղաքապետարանի «Երևանի հանրային շենքերի էներգաարդյունավետության ծրագրի» առաջին փուլի շրջանակներում (2017–2025) (նպատակը՝ բարձրացնել Երևանի հանրային շենքերի սեյսմազինվածությունը, բարելավել էներգաարդյունավետությունը, ստեղծել ավելի կայուն, հարմարավետ և անվտանգ միջավայր) այս պահին 2 մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այս պահին փաստաթղթավորման փուլում են, 1 մանկապարտեզ գտնվում է շինարարության փուլում»,– նշեցին քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե քանի՞ մանկապարտեզ է նման վիճակում, պատասխանեցին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության աշխատանքային ծրագրերով ներկայումս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Երևան քաղաքի հհ. 41, 74, 77, 105 138, 140 մանկապարտեզներում:
«Ինչ վերաբերում է հ.105 մանկապարտեզում ընթացող աշխատանքներին ապա տեղեկացնում ենք, որ աշխատանքները մոտավորապես 70%-ով ավարտված են, կան որոշ տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,– ասացին քաղաքապետարանից:
Մարիաննա Արամյան