Չգիտեմ՝ Բաքվում գտնվող ամուսնուս ինչպե՞ս բացատրեմ, որ իշխանությունը քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար 

Չգիտեմ՝ Բաքվում գտնվող ամուսնուս ինչպե՞ս բացատրեմ, որ իշխանությունը քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար 

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը։ Մեկ տարի 7 ամիս առաջ Արցախից գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները, պատանդառված զինվորական ու քաղաքացիական անձինք թեպետ Բաքվի բանտից վստահեցնում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, հասկանալի պատճառներով այստեղ հարազատներն անհանգիստ են ձգձգվող դատից ու իրենց հարազատների անորոշ ապագայից։

«Այսօր չորեքշաբթի է, ամբողջ շաբաթ սպասում ենք, որ շաբաթվա այս օրը գոնե լսենք իրենց ձայնը։ Առավոտյան է զանգել, հարցրել տնեցիներից, երեխաներից։ Ես իրեն ասում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք տանն ենք ու իրար մասին հոգ ենք տանում։ Դե, ասում է, որ իրենք էլ լավ են ու հարցնում է՝ «մեր մասին ի՞նչ են խոսում, ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը»։ Ես չգիտեմ՝ ինչպե՞ս բացատրեմ, որ իշխանությունը գործնական քայլ չի անում, չնայած բազմաթիվ հանդիպումներում վստահեցնում են՝ «ջանքեր ենք գործադրում», բայց մենք գիտենք, որ ոչինչ էլ չի արվում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց գերեվարված անձանցից մեկի կինը։ Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող ամուսնու ձայնի մեջ կարոտ ու անորոշություն է նկատել։ 

«Վերջին անգամ Կարմիր խաչը մոտ 2 ամիս առաջ է փոխանցել իրենց կողմից Բաքվում արված տեսագրությունը։ Շուտով ևս մեկ տեսագրություն պիտի բերեն, սպասում ենք»։

Խոսելով Բաքվի կողմից ԿԽՄԿ առաքելության գրասենյակների փակման մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ինքն էլ լսել է այդ մասին ու անհանգստացել։

«Չգիտեմ՝ հետո ինչ կլինի։ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որ տեսակցում է հայ ռազմագերիներին, օբյեկտիվ լուր է փոխանցում մեզ, մեզանից՝ մեր հարազատներին»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան