Իշխանությունը ցայտնոտի մեջ է․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Իշխանությունը ցայտնոտի մեջ է․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում անդրադարձ է արվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին և այսօր Երևանում նախատեսվող հանրահավաքին։

Այն բացահայտ սպառնալիք է իր մեջ պարունակում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու՝ Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

Այս հայտարարությունը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, այն մասին է, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է։

«Այս իշխանությունը տեսնում է՝ ինչ ձևով են դիմավորում մեզ քաղաքացիները, որքան շատ են մեզ հավատացողները, դրա համար էլ նման հայտարարություններ են արվում։ Երեկ էլ լուրեր ստացանք, որ փշալարեր են բերվել մայրաքաղաք»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրական կարգի սպառնալիքների մասին խոսելն ավելորդ է, քաղաքացիներն իրականացնում են իրենց խաղաղ անհնազանդության ակցիան, որի իրավունքն ունեն։

«Մենք գալիս ենք Երևան՝ հանրահավաքի, ու չկա որևէ հիմք նման սպառնալիքներ հնչեցնելու»,- նկատեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու համաժողովրդական հանրահավաք։

Նարե Գնունի