Իշխանությունը սպառնում է Հայ առաքելական եկեղեցուն․ Զոհրաբյան

Իշխանությունը սպառնում է Հայ առաքելական եկեղեցուն․ Զոհրաբյան

Այսօր առավոտյան ԱԱԾ-ն և ՆԳՆ-ն հայտարարություններ են տարածել և հորդորել այսօրվա հավաքի մասնակիցներին պահպանել հասարակական կարգը։ Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորել են պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ 

Իշխանությունները սպառնո՞ւմ են շարժման կազմակերպիչներին և մասնակիցներին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«ԱԱԾ–ի և ՆԳՆ–ի հայտարարությունները ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում են այն քաղաքացիների հանդեպ, որոնք մեծամասնություն են, ովքեր իրացնում են Սահմանադրությամբ և օրենքով թույլատրելի խաղաղ երթ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության։ Այդ հայտարարություններն ուղղակի սպառնալիք են Հայ առաքելական եկեղեցու դեմ»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայով, միջազգային ողջ օրենսդրությամբ, որին միացել է ՀՀ-ն, քաղաքացին իրավունք ունի խաղաղ ցույցի, իրավունք ունի խաղաղ անհնազանդության։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արձանագրում է, հիշեցրեց նա, որ եթե մեր պետական օրենսդրությունը բավարար չէ գործող իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարում, քաղաքացիներն իրավունք ունեն ապստամբության։ 

«Այսօր ապստամբության մասին խոսք չկա, այս շարժումը, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը, սա շարժում է հայոց պետականության կորուստը թույլ չտալու համար, սա շարժում է համերաշխության, սա շարժում է միավորման, սա շարժում է ընդդեմ այն սև ու սպիտակին, ընդդեմ այն ատելության, որը 2018թ․ բերեց դագաղներով, դագաղների ու ատելության շուրջ պարող այս ռեժիմը: Սա շարժում է Հայաստանի փրկության»,– ասաց նա։

Զոհրաբյանը նշեց․ «Ինչպես Սրբազանն է ասում, այո՛, սա շարժում է, որպեսզի ոգին հաղթի դիշովի ալիևյան դուխին, որպեսզի լույսը հաղթի խավարին։ Եվ եթե Նիկոլի գրպանում գտնվող որևէ կառույց փորձ կանի կիրառել ուժ, ապա իմացեք այս ամենի հետևանքը՝ քաղաքական, իրավական, բարոյական, մարդկային, կրելու է ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իշխանությունը սպառնում է Հայ առաքելական եկեղեցուն, իշխանությունը սպառնում է իր օրինական իրավունքն իրացնող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն և սպառնում է այն իշխանությունը, որ 2018թ-ին փողոցներ էր փակում, թմրամոլների էր ուղարկում իր ընդդիմախոսների երեխաների տները՝ երեխաներին առևանգելու, ահաբեկելու համար:

«Սպառնում է մի իշխանություն, ով զավթել էր ռազմավարական նշանակության օբյեկտ՝ Ռադիոտունը, սպառնում է մի իշխանություն, որի ներկայացուցիչը, ներկայումս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-ի ամբիոնից ասում էր՝ «լավ ենք անում, շենքեր ենք գրավում, ինչ շենք կուզենանք, կգրավենք, ինչ կուզենանք, կանենք, որովհետև սա հեղափոխություն է»։ Մենք էլ ասում ենք՝ «սա լույսի շարժում է ընդդեմ խավարի, սա հավատի շարժում է ընդդեմ Նեռի, սա Հայաստանի Հանրապետության փրկության շարժումն է ընդդեմ սև ու սպիտակի, ընդդեմ ալիևյան օրակարգի»»,- եզրափակեց Զոհրաբյանը՝ շտապելով միանալ Աբովյանում Սրբազանի առաջնորդած երթին:

Մարիաննա Արամյան