Միակ մարդը, ում աջակցում եմ, իմ կինն է. Նիկոլայ Ծատուրյան

Միակ մարդը, ում աջակցում եմ, իմ կինն է. Նիկոլայ Ծատուրյան

2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ու նրա շարժմանն աջակցած, դրանից հետո էլ մինչև վերջերս մոլի նիկոլամետ դիրքերից հանդես եկող, նրան սատարող հայտարարություններ արած, և միայն վերջին շրջանում պասիվացած մշակութային գործիչները համառորեն չեն ցանկանում այլևս խոսել, հարցազրույց տալ, կարծիք հայտնել Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման մասին։ 

Օրինակ՝ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, որ ժամանակին ակտիվ պրոնիկոլական հայտարարություններ էր անում, այսօր MediaHub-ին ասաց, թե չի ցանկանում խոսել․ «Ես ոչ մի կարծիք չեմ հայտնում այլևս»։

Այլ մշակութային գործիչների հետ էլ փորձեցինք խոսել, բայց մի մասը հրաժարվում էին խոսել, մի մասն էլ զանգերին չպատասխանեց։ Փոխարենը հաջողվեց խոսել թատերական գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հետ, որը ևս 2018-ից մինչ օրս աչքի է ընկել պրոիշխանական մտքերով և հայտարարություններով։

Նա էլ ասաց, որ քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել․ «Չէ, չէ, ինձ քաղաքական թեմաներով հարցեր չտաք էլ»։

-Քաղաքական թեմայով չենք հարցնում, այլ Բագրատ Սրբազանի շարժման մասին կարծիք ենք հարցնում։ 

-Մեկ ա, հենց խոսում ես, ընկնում ա քաղաքականության մեջ, ես գործ ունե՞մ էլ։ Արվեստից հարցրեք միայն։

-Արվեստից՝ չէ, բայց հոգևոր դաշտից ուզում ենք հարցնել։

-Չէ, պետք չի, էլի, ախպոր պես, ինձ մի կոխեք էդ բաների մեջ։

-Պարզապես ուզում էինք իմանալ՝ կմիանա՞ք այդ շարժմանը, երբ հասնեն Երևան։

-Ես չեմ մասնակցում տենց բաների, ո՛չ դիմության, ո՛չ ընդդիմության, ո՛չ կառավարության հետ գործ չունեմ ես։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը խելքի գա, միավորվեն, որ կարողանան դիմանալ։ Սենց հուսահատություններ, բաներ, մաներ, ընդդիմություն, բան, էդ սաղ սուտ ա։

-Դե, հիմա, մեր հոգևոր առաջնորդներից Բագրատ Սրբազանն առաջարկում է միավորվել՝ առանց քաղաքականության, քանզի սա ապակուսակցական պայքար է, այստեղ քաղաքականություն չկա։ 

-Ցավդ տանեմ, չեմ ուզում, ախպոր պես, մի կոխեք ինձ տենց բաների մեջ։

-Պարզապես, Դուք 2018 թվականին աջակցում էիք Նիկոլ Փաշինյանին ու նրա շարժմանը, հետաքրքիր է՝ այժմ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

-Ես ոչ մեկին չեմ աջակցում, միակ մարդը, ում աջակցում եմ, իմ կինն է։ 

Վահե Մակարյան