«Էս մի կրիշն ունենք, դա էլ են վերցնում»․ Բալահովիտում 30-ից ավելի ընտանիք անտուն մնալու վտանգի տակ է

Շուրջ մեկ շաբաթ է՝ Աբովյան համայնքի Բալահովիտ վարչական շրջանի թիվ 61 հանրակացարանի բնակիչները տագնապած են․ համայնքապետի հետ հանդիպմանն իրենց տեղեկացրել են, որ շենքը քանդվելու է, իսկ իրենք ստիպված են լինելու մոտավորապես երկու տարի վարձով ապրել, այնուհետև վերադառնալու են իրենց՝ արդեն նորակառույց բնակարանները։

Բնակիչների համար պարզ չէ, թե ինչու է որոշվել երեսունից ավելի ընտանիքի սպասարկող հանրակացարանի շենքն ապամոնտաժել։ Նրանք այնքան էլ վստահ չեն, որ ապագայում իրենց չեն թողնի կոտրած տաշտակի առջև։

Հիմնավորումը, թե այս ամենն արվում է համայնքի բնակիչների կյանքի որակը բարձրացնելու համար, համայնքի բնակիչներին այնքան էլ չի գոհացնում։ Իրենց կյանքն ավելի լավը դարձնելու բազում այլ տարբերակներ կան։

Բնակիչների մոտ անհանգստությունն առաջացել է հատկապես այն պատճառով, որ երեսունից ավելի ընտանիքներից միայն չորս-հինգն է հասցրել սեփականաշնորհել իր բնակարանը, իսկ մյուսները տարիներ շարունակ տարբեր դռներ են թակել, բայց՝ ապարդյուն։

Մինչ բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում, համայնքապետարանից վստահեցնում են՝ իրենք որևէ մտադրություն չունեն համայնքի բնակիչներին առանց տանիքի թողնելու։ Աբովյանի համայնքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի խոսքով՝ հանրակացարանի այն բնակիչները, որոնք գրանցված են Աբովյան խոշորացված համայնքում, վերակառուցումից հետո նույն շենքում բնակարան կստանան։

Փաստորեն, համայնքապետարանը խոստանում է բնակիչներին առանց տանիքի չթողնել, մինչդեռ հանրակացարանում ապրողներից շատերը խիստ կասկածով են վերաբերում այդ խոստումներին։