Ռուսաստանը Հարավային Կովկասում իրադրությունն իր ձեռքում է պահելու․ Լավրովը Բաքվում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Բաքվում է։ Սա ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Բաքու՝ Ալիևի մոսկովյան այցից հետո, որը տեղի ունեցավ այս փետրվարին, և որակվեց որպես պատմական այց։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։ Քննարկման հատուկ թեմաներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու հետագա զարգացումն է։

Ալիևի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը, ապա հավելել՝ այդ ամենում որոշակի առաջընթաց է նկատվում։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց է գրանցում։ Մենք քննարկում ենք հայկական կողմի հետ համաձայնեցվելիք հարցերը։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը՝ արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար»,- նշել է Լավրովը։

Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին։

«Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան»,- ասել է Ալիևը։

Արձագանքելով՝ Սերգեյ Լավրովը նկատել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներ եղել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը համաձայն է բանակցել այդ թեմայով։

Նշենք, որ նախքան Բաքու այցը, Լավրովը եղել էր ԻԻՀ-ում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկել Էբրահիմ Ռայիսի հետ։

Հնչած հայտարարություններում հստակ ընգդծվել է՝ Մոսկվան թույլ չի տա, որ արտաքին ուժերը, այսինքն՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը խաթարեն Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունության վերականգնման ջանքերը։