Որ քաղաքական ուժը որտեղից կսկսի քարոզարշավը

Որ քաղաքական ուժը որտեղից կսկսի քարոզարշավը

Օգոստոսի 23-ին կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունը ստանձնելու համար պայքարի մեջ է մտել 13 կուսակցություն և մեկ դաշինք։ 

MediaHub-ը ներկայացնում է, թե որ քաղաքական ուժը որտեղից է սկսելու քարոզարշավը։

Այսպես, առաջին համարի ներքո հանդես եկող «Հանրային ձայն» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է բացահայտումների շարքով, որը ցուցակի երկրորդ համար Տիգրան Ուրիխանյանն իր յութուբյան ալիքում է հրապարակելու։

«Ուղերձով ենք սկսելու, որում ներկայացնելու ենք բացահայտումների մեծ շղթա։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք ամբողջական իշխանափոխություն անելու նպատակով։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ հիմնական նպատակն ամբողջական իշխանափոխությունն է ու մենք դրա մեկնարկը տալիս ենք",- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Ինչ վերաբերում է կուսակցության կարգախոսին, ապա այն է՝ "Ազատել Երևանը կաշառակեր, խաբեբա, թալանչի լակոտների իշխանությունից ու սկսել ամբողջական իշխանափոխություն"։

«Քաղաքացիական պայմանագիրը», որը երկրորդ համարն է, վաղը կհայտարարի, թե որտեղից է սկսելու քարոզարշավը։ Հիշեցնենք, որ երևանցիների հետ հանդիպումներից որոշներին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ 

Քվեաթերթիկում երրորդ համար «Արդար Հայաստան» կուսակցությունը ևս վաղը մամուլի հաղորդագրությամբ հանդես կգա և կներկայացնի, թե որտեղից ու ինչպես է սկսելու քարոզարշավը։ Նշենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նորայր Նորիկյանն է։

«Հաղթանակ» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Աջափնյակից։ Օգոստոսի 24-ին կուսակցությունը կլինի Արաբկիրում, իսկ օգոստոսի 25-ին՝ Ավանում։ Նշենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է։ Նրա թիմն ընտրել է «Մարդամոտ քաղաք» կարգախոսը։

Քվեաթերթիկում յոթերորդ համար «Ազգային առաջընթաց» կուսակցությունը քարոզարշավը կսկսի փակ հանդիպմամբ՝ թիմակիցների ու համակիրների մասնակցությամբ։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ցուցակի երրորդ համարը՝ Իզաբելլա Աբգարյանը։ Իսկ թե որ վարչական շրջանից կսկսվի քարոզարշավը, դեռևս քննարկվում է։ Հիշեցնենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Ավան վարչական շրջանում գտնվող իր նախընտրական շտաբից: Կուսակցության նախագահ և քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունն ամեն օր Երևանի վարչական շրջաններում հանդիպումներ է ունենալու, ծրագիրը ներկայացնելու երևանցիներին:

«Մեր կարգախոսն է «Դու կարող ես» և առաջիկա շուրջ մեկ ամսվա ընթացքում մենք երևանցիների հետ հանդիպումների ժամանակ նրանց հետ քննարկելու ենք, որ, այո՛, իրենք կարող են մասնակից լինել Երևանի ապագայի ու զարգացման հետ կապված հարցերի քննարկմանն ու դրանք կյանքի կոչմանը»,- ասաց Ղուկասյանը:

Շարունակելի․․․

 

Նարե Գնունի