Բաքուն ազդանշաններ է տալիս Մոսկվային․ Հրանտ Միքայելյան

Պարբերաբար լրատվամիջոցներում, հատկապես ադրբեջանական, տեղեկություններ են հայտնվում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին։ Այս հեռանկարի մասին հաճախ խոսում են նաև ռուս կամ ռուսամետ փորձագետները։ Մոսկվայի նման շահագրգռվածությունը Բաքվին հիմք է տալիս առաջ մղելու իր օրակարգը, այդ թվում՝ հայկական կողմի հետ հակամարտության հարցում։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը MediaHub-ի հետ զրույցում պարզաբանում է նման տեղեկատվական լցոնման հիմնական պատճառներն ու աղբյուրները: Փորձագետը նշում է, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ռուսական կողմի նախաձեռնությունն է, որը Եվրասիական տնտեսական միության ընդլայնման նպատակ է հետապնդում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանները շատ շահավետ են նման փոքր երկրների համար, քանի որ չեն պահանջում անցման երկարաժամկետ և բարդ փուլեր, ինչպես Եվրոպական միության դեպքում։
«Բավական է ցանկություն հայտնել և սկսել օրենքների, ընդհանուր համաձայնագրերի իրագործումը։ Հաշվի առնելով Մոսկվայում նման շահագրգռվածության առկայությունը և այն, որ այդ հետաքրքրության մասին հայտնի է Բաքվում, հաճախ Բաքվից էլ կարելի է լսել տարբեր տեսակի քննարկումներ այն մասին, որ Ադրբեջանը կարող է դիտարկել նման գործընթաց։ Դա արվում է ոչ թե ներադրբեջանական քննարկումների շարքում, այլ որպես ինչ-որ ազդակներ Մոսկվային, որոնք նախատեսված են ինչ-որ հետագա գործողությունների համար։ Հաճախ նման ազդանշաններ են արվում, որպեսզի ազդեն հայ-ադրբեջանական հակամարտությունում Մոսկվայի դիրքորոշման վրա», - պարզաբանում է Հրանտ Միքայելյանը:
Հարկ է նշել, որ Բաքվի կողմից նման հայտարարություններ արվում են հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին, Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների համատեքստում։ Ադրբեջանական կողմը հաճախ է օգտագործում այդ գործոնը՝ պնդելով, որ տնտեսական միությունը թույլ կտա կարգավորել նաև հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն դրա համար պետք է փոխել ադրբեջանական իշխանությունների նպատակադրումը։
«Ադրբեջանի ղեկավարության նպատակադրումն այն պահից, երբ եկավ Իլհամ Ալիևը, ուղղված է պատերազմի, և այն չի փոխվել։ Հիմա ինչպե՞ս կարող են երրորդ գործոններն ազդել դրա վրա, եթե Ալիևն ամեն օր պատրաստվում է նոր պատերազմի։ Կարող է լինել՝ 50-ամյա կամ նույնիսկ 100-ամյա հեռանկարում, այո՛, սակայն պետք է լավ հասկանալ և տարբերակել 100-ամյա հեռանկարը միամյա հեռանկարից», - նշեց փորձագետը։
ԵԱՏՄ-ին անդամակցելը ռուսական կողմի նախաձեռնությունն է և տնտեսական տեսանկյունից այն կարող է իր պտուղները տալ Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Մի կողմից, այդ երկրների շուկաները մրցակից են, երկուսն էլ էներգառեսուրսներ են արտադրում, բայց մյուս կողմից, փորձագետի կարծիքով, ինտեգրման իմաստ կա, քանի որ Ադրբեջանի մոտ չափազանց թույլ է զարգացած ոչ հումքային հատվածը, իսկ եվրասիական շուկան պայմաններ է առաջարկում դրա զարգացման համար:
Այնուամենայնիվ, Հրանտ Միքայելյանի կարծիքով, Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացառվում է, քանի դեռ վերջինս թյուրքական միության գլխավոր մասնակիցն է: Փորձագետը հիշում է, թե որքան խոստումներ են եղել ադրբեջանական կողմից ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին և պարզաբանում, որ այդ բոլոր հայտարարությունները միտված են կոնկրետ կարճաժամկետ խնդիրների լուծմանը՝ օգտագործելով Մոսկվայի հույսերն այդ միություններն ընդլայնելու կամ ինչ-որ իրադարձություններին Մոսկվայի արձագանքը մեղմելու համար։
«Տվյալ դեպքում դա փորձ է մեղմել Մոսկվայի արձագանքը Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու ցեղասպանությանը։ Ահա սա է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածության մեղման պատճառը, և եթե երկու շաբաթ այդ թեման լուսաբանեն ԶԼՄ-ներում, ապա կարելի է ևս մեկ ամիս կասեցնել Մոսկվայի վերաբերմունքը դրա նկատմամբ, իսկ այդ ընթացքում այնտեղ արդեն զանգվածային սով ու մահ կլինի։ Ահա Բաքվի նպատակները», - ընդգծում է Հրանտ Միքայելյանը։
Մինչ Մոսկվան կուրորեն հավատում է Բաքվի նոր խոստումներին և հավատում է ԵԱՏՄ-ի ընդլայնմանը, Ադրբեջանում ակտիվորեն զարգանում են հակառուսական տրամադրությունները, որոնք ռուսական կողմից ևս չեն նկատվում: Ադրբեջանի ինտեգրումը ԵԱՏՄ-ում հնարավոր է միայն թուրքական օրակարգից հրաժարվելու դեպքում, ինչը գրեթե անհնար է, ինչի մասին խոսում են և՛ հայ, և՛ ռուս փորձագետները։ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա այսօր աներևակայելի բարձր է և, ինչպես ցույց է տալիս պատմությունը, թուրքական ազդեցության նվազումը հնարավոր է միայն կտրուկ փոփոխությունների և ցնցումների միջոցով:
Գեղեցիկ Մանուկյան