Նոր սկանդալ. ադրբեջանցիներին աջակցող, ադրբեջանցուն պատկանող լեյբլի կատարողը Երևանում համերգ կտա

Սնուփ Դոգի երևանյան համերգի շուրջ սկանդալը դեռ չմարած՝ կարծես նորն է նշմարվում:
Օգոստոսի 30-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա գնչուական ծագում ունեցող երգիչ Անդրոն (Իոանն Ժանի Կուզնեցով):
Երգիչը հանդես է գալիս ՌԴ-ում բավական հայտնի երաժշտական RAAVA MUSIC լեյբլի ներքո։ Իսկ լեյբլի հիմնադիր և պրոդյուսերն է ադրբեջանական ծագում ունեցող երգիչ Էլմանը։
2020 թ-ին՝ 44-օրյա պատերազմի օրերին, ազգությամբ ադրբեջանցի հայտնի կատարող Էլմանը Instagram-ում ակտիվ սթորիներ էր հրապարակում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի։
Օրինակ. «Արդեն 30 տարի է, ՄԱԿ-ի բանաձեւերի համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղակայված են հարեւան երկրի զինված ուժերը։ 30 տարի առաջ իրենց տներից վտարված ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տները»,- գրել էր երգիչը։
2020 թվականի հոկտեմբերի հայտնի դարձավ, որ ադրբեջանցի կատարողը Ադրբեջանի խաղաղ բնակիչների աջակցության հիմնադրամ է ստեղծել: Եվ ահա այդ անձնավորության հովանու ներքո իր կատարողական արվեստը զարգացնող ինչ-որ ռեփեր հրավիրվում է Հայաստան համերգ տալու: Իսկ արդյոք կազմակերպիչներին հետաքրքիր չէ, թե ո՞ւր է գնալու համերգից ստացված գումարները:
MediaHub-ը կապ հաստատեց համերգի կազմակերպիչ StageMuse ընկերության հետ հասկանալու՝ տեղյակ են, թե որ լեյբլի հետ է աշխատում արտիստը և ուր են գնալու համերգից ստացված գումարները: Հարցը լսելուց հետո մեզ խոստացան հետ զանգահարել, սակայն առ այս պահը թե՛ մեր զանգերը, թե՛ հարցերը մնացին անպատասխան։
Ի դեպ, համերգի անոնսի տակ Ինստագրամում բավականին թեժ քննարկումներ են ծավալվել, մարդիկ հիշատակում են լեյբլի հիմնադրին, թե ով է նա և զարմանում, որ նրա հետ ուղղակի (ասել է թե՝ ֆինանսական) կապ ունեցող մեկը հրավիրվել է Հայաստան:
Մարիա Զարգարյան