Ռոմանոս Պետրոսյան. մանկապատանեկան կենտրոնից՝ ՊՎԾ 

Ռոմանոս Պետրոսյան. մանկապատանեկան կենտրոնից՝ ՊՎԾ 

Ժողովրդավարական պետությունում, առանց ժողովրդի մասնակցության, առանց ժողովրդի կամքի իրացման, որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում` իշխանափոխություն, անհնար է։ Ես խորհուրդ կտամ մեր գործընկերներին վերադառնալ պառլամենտ, վերադառնալ խորհրդարանական ընդդիմախոսության դաշտ և  ծառայեցնել այս կարևոր ինստիտուցիոնալ մարմինը ՀՀ զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը:

ՔՊ-ականները միշտ էլ աչքի են ընկել իրենց թիմում «վառ» ներկայացուցիչներով և Ռոմանոս Պետրոսյանն այդ թիմի արժանի անդամ է: Փաշինյանի իշխանության օրոք, երբ աղքատությունն ու արտագաղթը նոր ռեկորդներ են սահմանում, Արցախն ու հայոց բանակը փլատակների մեջ են՝ ՔՊ-ականները համարձակություն են գտնում իրենց մեջ հայտարարել, որ իշխանափոխություն չի լինելու:

Դա նշանակում է, որ նրանք չեն զղջում արցախյան պատերազմի հետևանքների համար՝ հազարավոր զոհերի, Շուշիի և Հադրութի կորստի՝ պատրաստ են մինչև վերջ, մինչև հայոց պետականության վերջնական կործանում ատամներով պահել իրենց պաշտոնները: Ռոմանոս Պետրոսյանը ողջ կյանքում հեռու է եղել քաղաքականությունից՝ նա ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, տարիներ շարունակ աշխատելով Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ): 

Պետրոսյանը խոսում է ժողովրդավարությունից, երբ Փաշինյանի իշխանությունը պահող ոստիկանները, ստանալով բարձր պարգևավճարներ, բիրտ միջոցներով ցրում են ցույցերը, իսկ ընդդիմադիրներին փորձում են լռեցնել տարբեր շինծու քրեական գործերով:

Ընդդիմության քայլերի արդյունքում ՔՊ-ն, անխոս, հրաժարական է տալու, նոր իշխանություն է ձևավորվելու և Հայաստանն ու Արցախը ՔՊ-ական «քաոսից» դուրս են գալու:

Վահրամ Բագրատյան