Վերցրել եմ մահակը, որ էրեխու կյանքը փրկեմ․ պարեկների հետ ծեծկռտուքից տուժած լոռեցին՝ փոխոստիկանապետին

Վերցրել եմ մահակը, որ էրեխու կյանքը փրկեմ․ պարեկների հետ ծեծկռտուքից տուժած լոռեցին՝ փոխոստիկանապետին

Թո՛ղ ցույց տան, որ երկաթյա մահակներով ծեծել ենք։ Ես վերցրել եմ, որ էրեխուն փրկեմ։ Ով՝ ինչ ուզում ա ասի, մեր փաստաբանը բոլոր հարցերը կլուծի։ Ես ոչ մեկի չեմ խփել մահակով, վերցրել եմ, որ փրկեմ էրեխուս կյանքը, կրկնում եմ։ Ոչ մեկի չեմ խփել, որ խփած լինեի, հիմա ոստիկանները հիվանդանոցում պառկած կլինեին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Վանաձորում օրերս տեղի ունեցած պարեկների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժածներից Ռադիկ Ավետիսյանը։ 

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էր ասում, որ միջադեպի ժամանակ քաղաքացիները երկաթյա ձողերով հարվածել են պարեկներին։ 

«Այն տեսակետները, թե, իբր, պարեկները խոշտանգել են քաղաքացիներին՝ առերեւույթ չի համապատասխանում իրականությանը։ Հարուցվել է քրեական վարույթ, բոլոր հանգամանքները պարզ կլինեն»,- MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով պարեկների մասնակցությամբ Լոռիում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ։ Տեսագրություններն առկա են, մանրամասն տեղեկություններ կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում։

Փոխոստիկանապետի խոսքով՝ միջադեպի պատճառ է հանդիսացել քաղաքացու կողմից կոպիտ խախտումներով մեքենան վարելը։ Ֆիդանյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք այդ ընթացքում Փաշինյանի շարասյունն է անցել, քանի որ, ըստ տուժած քաղաքացիների, այդ է եղել պատճառը, որ  երթեւեկությունը կարգավորող ոստիկանության աշխատակցի եւ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է սկսվել։

«Ոստիկանության ծառայողները փորձել են քաղաքացուն կանգնեցնել, որի արդյունքում տեղի է ունեցել այդ միջադեպը։ Տեսագրությունները եթե տեսել եք, այնտեղ կտեսնեք, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»։

Հակադարձելով փոխոստիկանապետին՝ Ռադիկ Ավետիսյանը հարցնում է՝  «ո՞ւր է տեսագրությունը, թո՛ղ ցույց տան, որ ես խփել եմ իրենց»։

Լիա Սարգսյան