Նորօրյա բռնապետը՝ մեծագույն ժողովրդավա՞ր

Նորօրյա բռնապետը՝ մեծագույն ժողովրդավա՞ր

Փաշինյանի վարչախմբի արտաքին քաղաքական հովանավորների մասին պատկերացում կազմելու համար արժե ծանոթանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան և ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի ելույթին ԱՄՆ Կոնգրեսում, մասնավորապես նրա այն խոսքերին, որ հայերը հրաժարվում են Ռուսաստանի առաջարկած մոդելից, իսկ 2021-ին ՀՀ-ում կայացել են «ազատ և արդար ընտրություններ», որոնցով հայերն ապացուցել են, որ «չեն ցանկանում կոռումպացված առաջնորդների վերադարձը»։ Այս հիացական բնորոշումը տրվում է մի իշխանության, որն անթաքույց սեփական կառավարման ուղղահայացի տակ է վերցրել բացարձակապես ամեն ինչ, խարխլել է իշխանության երեք ճյուղերի հակակշիռները, հիմա էլ զբաղված է ցասման ինքնաբուխ ալիքները մարելով։

Խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներով երբեք բացարձակ մեծամասնություն և միանձնյա առաջատար չունեցող ամերիկյան ժողովրդավարության համար, փաստորեն, նորմալ է, որ հետպատերազմյան երկրում ընտրությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ընտրում է փնթի բռնապետություն կառուցող պարտության հեղինակին։ Նախկինում արևմտյան արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին շարունակաբար հիշեցնող գործիչները պնդում էին, թե խորհրդարանում մեկ ուժը չի կարող մեծամասնություն ունենալ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ո՛չ 2018-ին, ո՛չ առավել ևս 2021-ին խմբակցությունների նվազագույն թվով, ասել է, թե՝ քաղաքական սահմանափակ բազմակարծությամբ, իշխող ուժը հաջողեց կայուն մեծամասնություն ձևավորել։

Ստացվել է այնպես, որ խորհրդարանական ընդդիմության գործիչների՝ մանդատների շարունակական հրաժարումից հետո առավել ևս այս խորհրդարանը բնավ չի արտահայտում գործող ներքաղաքական դասավորությունն ու իրավիճակը։ ԱԺ-ում քաղաքական ուժերի նույնիսկ նոմինալ բազմազանությունն արդեն իսկ կորսված է։ Այս վարչախմբի քիմքին հաճո Ընտրական օրենսգրքի կարգավորումներով՝ առկա նվազագույն անցողիկ շեմը մի շարք իրական ընդդիմադիր ուժերի թույլ չի տալիս առանձնաբար մուտք գործել խորհրդարան և ձևավորել սեփական խմբակցություն։ Արդյունքում ստեղծվում են իրավիճակային դաշինքներ, որոնք ընդամենը մեկ-մեկուկես տարվա կյանք են ունենում։

Մի կողմից՝ Փաշինյանն ու գործակիցներն ամոթալի կերպով սոսնձվել են իշխանությանը, կատարելագործել նախկին բոլոր իշխանությունների արատավոր ավանդույթները, մյուս կողմից՝ շարունակում են խոսել բարձր արժեքներից, արդարությունից ու ինքնիշխանությունից, քանի որ վայելում են արևմտյան գործընկերների հավանությունն ու հովանավորությունը։ Փաշինյանի՝ սեփական իշխանությունը պահելու և այն որևէ դեպքում չզիջելու մոլուցքն իրոք որ անպատկերացնելի է և արդեն մոտենում է պետականության տապալման շեմին։ Ամոթի և մեղքի զգացման, հանրային բարոյականության և քաղաքական պատասխանատվության մասին խոսելն ավելորդ է, դրանք վաղուց բացակա կատեգորիաներ են։ Ոմանք կանխազգում են մոտալուտ վտանգն ու ցավալի ճշգրտությամբ կանխատեսում նոր ողբերգությունները, բայց Երևանի տոնական զարդարանքներին անդրադառնալը, թերևս, ավելի կարևոր օրակարգ է շատերի համար։

Այս Ամանորին էլ Փաշինյանը կշնորհավորի հայ մանուկներին, նրանց ծնողներին էլ կմոլորեցնի եվրատեսիլյան շոուների գունագեղ լույսերով։ Բայց չոր հաշվարկով՝ ի՞նչ կմնա այդ ամենից հետո, եթե ոչ ինքնախաբեությունն ու ամոթի զգացումը։ Ինչպե՞ս են ամիսներ անց այդ նույն դպրոցական երեխաներին պատմելու, օրինակ, մայիսի 9-ի երբեմնի Եռատոնի մասին։ Հայոց պատմության այդ ո՞ր ուսուցիչն է կարողանալու հիմնովին բացատրել վիճակը, նկարագրել, թե ինչպես անշնորհք կառավարման հետևանքով հասանք այս ցավալի հանգրվանին, ավելին՝ նաև խորհուրդ տա, որ մեր ձեռքերով այլևս երբեք սեփական պետության դամբանականը գրող նման իշխանություն չբերենք։

Դավիթ Սարգսյան