Վրե՞ժ, քինախնդությո՞ւն. Լոռիում չեն հավատում անտառտնտեսության տնօրենին ներկայացված մեղադրանքին

Վրե՞ժ, քինախնդությո՞ւն. Լոռիում չեն հավատում անտառտնտեսության տնօրենին ներկայացված մեղադրանքին

Օրերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում էր, թե քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:

Հաղորդագրության մեջ նշվող թվերը, որոնք քննությամբ դեռ պետք է ապացուցվեն, որ իսկապես կաշառք են, հետևյալն են՝  47.000 ՀՀ դրամ,  117.000 ՀՀ դրամ , 165.000 ՀՀ դրամ:

Հայաստանյան ակտիվ անցուդարձի մեջ այս լուրն աննկատ մնաց, բայց ոչ այն տարածաշրջանում, որին անմիջապես վերաբերում է: Պատճառը նրանում է, որ Կ.Ղ.-ն, ով տնօրենի պաշտոնը զբաղեցրեց երկու տարի առաջ, անտառտնտեսության նախկին տնօրենի՝ Հարություն Ամիրջանյանի դեմ էր պայքարում, որի անունը Լոռիում բազմիցս է շոշափվել թե՛ ԶԼՄ-ներում (համագյուղացիները բազմաթիվ հրապարակումներում մեղադրել են նրան ծառահատումները քողարկելու, անտառին ահռելի վնաս հասցնելու մեջ), թե՛ քրեական գործերով: 

Իսկապես կաշառք, թե՞ վրեժխնդրություն

MediaHub-ի հարցախույզը ցույց տվեց, որ Լոռիում չեն հավատում Կ.Ղ-ի կողմից կաշառք վերցնելու մեղադրանքին ու պնդում են՝ պաշտոնին նշանակվելուց հետո պարզ էր, որ բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերել: Ասում են՝ Կ.Ղ.-ն Ամիրջանյանի օրոք զբաղեցրել է անտառտնտեսության ինժեների պաշտոնը, ակտիվ պայքարի մեջ է եղել անտառհատումների դեմ, ինչի պատճառով Ամիրջանյանի կողմից թիրախավորվել է և դրա մասին բոլորը գիտեն:

Անտառտնտեսության նախկին տնօրեն Հարություն Ամիրջանյանը՝ Աթո մականվամբ, տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, մարզի բնապահպանների ու էկոակտիվիստների գլխավոր թշնամին է: Մինչև 2020 թվականին «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի՝  օգոստոսի 14-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց անտառապահ Կամո Ղարագոզյանը։ Վերջինիս նշանակումից հետո "Լալվար"-ի և "Դսեղ"-ի անտառտնտեսությունները միավորվեցին ու  ստեղծվեց "Թումանյան" անտառտնտեսությունը։ 

Ի դեպ, Ամիրջանյանը պաշտոնից զրկվելը հանգիստ չի տարել. Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականի հոկտեմբերին դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջով: Պահանջի այս հատվածը դատարանը մերժել է:

Մեզ հաջողվեց պարզել, որ Կամո Ղարագոզյանի դեմ ցուցմունք տվել են Թումանյան համայնքի Աթան գյուղի բնակիչ Գարիկ Պ-ն, ով, ասում են, շատ մտերիմ հարաբերություններ ունի Հարություն Ամիրջանյանի հետ, քանի որ նաև երկար ժամանակ համագործակցել/աշխատել են միասին: Ի դեպ, մեզ ասացին, որ օրերս նրանց միասին տեսել են Վանաձորում։ 

Շնողցիներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կ.Ղ.-ի նշանակվելուց հետո Գարիկը փորձել է շարունակել համագործակցությունը անտառտնտեսության մասնաճյուղի հետ, ինչը շարունակվել է մինչև 2021 թվականը, որից հետո ներկայիս տնօրենի ու Գարիկի հարաբերությունները լարվել են։ 

Հարցին, թե ինչ ասել է համագործակցություն, մեր զրուցակիցը նշեց՝ փայտ էր գնում անտառտնտեսությունից, որպես երկարամյա հաճախորդ։ Թե ինչն  է պատճառը, որ Ղարագոզյանը հրաժարվել է նրա հետ շարունակել համագործակցությունը և խզել կապերը՝ հայտնի չէ: 

Մյուս ցուցմունքը գործող տնօրենի դեմ տվել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ Արսեն Բ.-ն է: Վերջինս ևս, ասում են, կապ ունի   Ամիրջանյանի հետ, նրա պաշտոնազրկումից հետո շարունակել է համագործակցել անտառտնտեսության հետ ՝ մինչև 2022 թվականը։ 

Նկատենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այսպես կոչված կաշառք ստանալու դրվագը թվագրված է 2021 թվականին: 

Հաղորդագրությունից ստացվում է, որ համապատասխան մարմինները բացի ցուցմունքներից, այլ լուրջ ու հիմնավոր հիմքեր չունեն կաշառք տալու գործի մասով: Մինչդեռ մարզում բոլորը փաստում են՝ Կամո Ղարագոզյանը երկար տարիներ է պայքարել Հարություն Ամիրջանյանի ու նրա ապօրինությունների դեմ և իրենց ավելի հակված են հավատալ այն լուրերին, որ այս ամենը՝ մեղադրանքը, զուտ վրեժխնդրության արդյունք է:

Ո՞վ է նախկին տնօրենը՝ Հարություն Ամիրջանյանը

Ամիրջանյանի մասին ամենից լավը, թերևս, հենց նրա ազգականն է ասել տարիներ առաջ: Տարիներ շարունակ Շնողում ազգակցականներ Հարություն և Սամվել Ամիրջանյանները պայքարում էին 84քմ հողակտորի համար, որը, համաձայն դատարանի վճռի, ապօրինի կերպով էր բաժին հասել Հարություն Ամիրջանյանին:  

Հայցվոր Սամվել Ամիրջանյանը ԶԼՄ-ներին, ներկայացնելով Հարությունի դեմ հայցի մանրամասները, հայտարարել էր, որ անտառտնտեսություններում 20 տարի բարձր պաշտոններ զբաղեցրած Հարություն Ամիրջանյանի դեմ օրենքն ուղղակի անզոր է. «Ինքն իրեն մեր գեղի տղամարդն ա զգում: Ինչ ուզե կանի և անպատիժ ա մնում»,- ասել էր նա տարիներ առաջ:

Ըստ քրեական գործի, նախկին գյուղապետն անձնական շահագրգռվածությունից ելնելով կազմել, իր ստորագրությամբ հաստատել, համայնքապետարանի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր, որոնցում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նախ, տարածքը դարձրել է համայնքային սեփականություն և հետո առուվաճառքի պայմանագրով օտարել այն իր մերձավոր Հարություն Ամիրջանյանին։ Նախկին գյուղապետը դատարանում ընդունել էր իր մեղքը, հետո ազատվել պատժից։ Դատարանն առանց արդարացման որոշել էր կարճել գործն ու դադարեցնել նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Բայց զավեշտը նրանում է, որ այս վճռից մի քանի տարի հետո Լալվար անտառտնտեսության տնօրենին կեղծ փաստաթղթերով հողատարածք տրամադրած նախկին գյուղապետը նշանակվեց Հայաստանի անտառտնտեսության տնօրենի խորհրդական....

Անտառտնտեսություններն ամենախոցելին են 

Գործով ևս մեկ դրվագ է նշվում՝ Կ.Ղ-ն.  մեղադրվում է անգործության մեջ: Խոսքը խողովակաշարերի դուրսբերման մասին է, բայց իրականում, պարզաբանեցին MediaHub-ին, այդ հատվածում ծառեր չկան ու դրա համար է, որ արձանագրություն համապատասխան չի կազմվել։

Շրջակա միջավայրի նախարարության մեր աղբյուրը նշում է, որ  Հայաստանում անտառտնտեսությունների ոլորտը ամենախոցելին է և եթե մեկը ցանկություն ունենա մեղադրել դրա ղեկավարին, ապա դա շատ հեշտ է անել: Նրանք, նշեց մեր զրուցակիցը, խոցելի են մի շարք հարցերով, օրինակ՝ կան ծախսեր, որոնք չեն փաստագրվում, բայց առանց որոնց գործընթացներն իրականացնելն անհնար է: 

«Օրինակ, փայտի դուրսգրում ու դրա տեղափոխում՝ վերջին ծախսը ներառված չէ և փաստաթղթերում պարզապես չի երևում, բայց բանվորներին վճարել պե՞տք է, պետք է: Ստացվում է, որ գործը գլուխ բերելու համար, օրենքով, թուղթ-թամազայով գնված փայտը տեղափոխելու համար վճարվում է և հենց դա էլ ով ուզի, հատկապես, եթե նման նպատակ հետապնդի, կարող է որպես կաշառք ներկայացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

MediaHub-ին  Կամո Ղարագոզյանի փաստաբանը փոխանցեց, որ վերջինս երկու ամսով կալանավորվել է: Մեկնաբանություններից նա դեռ զերծ մնաց՝ նշելով, որ դատարանի որոշումը նոր է ստացել և պետք է ծանոթանա հանգամանալից: Բայց, փոխանցեց Արկադյա Գևորգյանը, վերաքննիչ բողոք է ներկայացնելու խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: