Ի՞նչ ասեմ, ես էդպիսին եմ, իմ մեղքը ո՞րն է․ Դավիթ Բալայանը՝ իր թեկնածության մասին 

Ի՞նչ ասեմ, ես էդպիսին եմ, իմ մեղքը ո՞րն է․ Դավիթ Բալայանը՝ իր թեկնածության մասին 

Շուտով Ազգային ժողովը նորից դատավոր է ընտրելու։ Այս անգամ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր մնաց հաստիքն են համալրելու։ 

Թեկնածուները երկուսն են՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը։

Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է ու համարվում է իշխանությունների սրտի դատավորն ու թեկնածուն, իսկ Դավիթ Բալայանն ավելի շատ ընդդիմադիր ընկալվող դատավորների ցանկում է։ Եւ հիմա, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ՔՊ-ականները փորփրում են Բալայանի կենսագրությունը, ստուգում նրա բարեվարքությունը, որ «կեղտ» բռնեն նրա վրա և առիթ ստեղծեն՝ նրան դեմ քվեարկելու։ 

Դավիթ Բալայանը Mediahub-ի հետ զրույցում նախընտրեց ձեռնպահ մնալ մամուլի տեղեկություններն ու իր թեկնածության վերաբերյալ հարցերը մեկնաբանելուց։ 

«Ես ձեռնպահ կմնամ մինչև Ազգային ժողովում հարցի քննարկումը որևէ մեկնաբանություն անելուց։ Եթե ես հիմա ինչ-որ մի բան մեկնաբանեմ, անիմաստ կլինի այնտեղ հարցերի պատասխանել»,- ասաց նա։ 

Դիտարկմանը, թե իշխանություններն իրեն այնքան էլ լավ աչքով չեն նայում ու ընդդիմադիր են ընկալում, Բալայանն ասաց․ «Ի՞նչ ասեմ, ես էդպիսին եմ, իմ մեղքը ո՞րն է։ Մեկը լավ աչքով կնայի, մեկը վատ աչքով կնայի, բայց ես իմ գործն եմ անում, ի՞նչ ասեմ»։ 

Իսկ թե որքա՞ն է գնահատում իր շանսերը, արդյոք ՔՊ-ն կընտրի՞ իրեն, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց․ «Ես էդ հարցին մի անգամ պատասխանել եմ ու ասել եմ, որ պարոն Մարաբյանի ընտրությունը ինձ հույս է տալիս, որ ինձ էլ կարող է ընտրեն»։ 

Խոսքը, հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի մեծամասնության կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրված Սերգեյ Մարաբյանի մասին է։ 

Բալայանից փորձեցինք կարծիք իմանալ նաև ԲԴԽ-ի տարածած հայտնի տեսանյութի մասին, որն այդքան աղմուկ հանեց ու քննադատվեց իրավական հանրույթի կողմից, սակայն պարոն Բալայանն ասաց, որ վստահ է՝ այդ հարցը խորհրդարանում կհնչի, ուստի նախընտրում է սպասել և այդ օրը ԱԺ ամբիոնից պատասխանել։ 

«Եթե էդպիսի հարց հնչի, իսկ ես չեմ կարծում, որ էդպիսի հարց չհնչի, ես, բնականաբար, չեմ օգտվելու իմ լռելու իրավունքից և կպատասխանեմ այդ հարցին։ Եթե հիմա ՍԴ դատավորի ընտրության հարցը չլիներ, միանշանակ հիմա կպատասխանեի էդ հարցին։ Բայց քանի որ ակնկալում եմ, որ այդ օրը նման բնույթի հարցեր կհնչեն, ավելի ճիշտ կլինի, որ էնտեղ պատասխանեմ»,- ասաց նա։ 

Վահե Մակարյան