Ո՞րն է Քերոբյանի հեռացման պատճառը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնեց օրվա գույժը՝ նա հեռանում է պաշտոնից։ Ընդ որում, նրա գրառումից հասկացվում է, որ Քերոբյանին հեռացրել են, ոչ թե ինքն է սեփական դիմումի համաձայն, «մասնավոր ոլորտ տեղափոխվելու» կամ «առողջական խնդիրներով» պայմանավորված՝ հեռանում։
«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,- ահա այսպիսի սրտաճմլիկ մտքերով է ազդարարել իր ազատման մասին Վահան Քերոբյանը՝ ցույց տալով, որ ինքը շատ էր ուզում շարունակել ծառայել մեզ, բայց չեն ցանկացել։
Mediahub-ի՝ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Վահան Քերոբյանի պաշտոնից ազատումը կապված է էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված նույն կոռուպցիոն սկանդալի հետ, որի շրջանակներում պաշտոնանկ եղան ու ձերբակալվեցին փոխնախարար Անի Իսպիրյանը, ներդրումների վարչության պետն ու այլ աշխատակիցներ, ապա կալանավորվեցին «Սիներջի» ընկերության տնօրենն ու աշխատակիցները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։
Ու թեև Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում քանիցս փորձել էր իրեն զերծ պահել այդ իրադարձություններից՝ նշելով, թե ինքը տեղյակ չէ այդ գործից, ինքը կապ չունի, հրաժարական էլ չի պատրաստվում տալ, բայց մեզ ասացին, որ Քերոբյանի մասով բնական հարց է առաջացել՝ ինչպե՞ս կարող էին իր տեղակալն ու վարչության պետը թաթախված լինել ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մեջ, իսկ ինքը դրանից տեղյակ չլիներ կամ անմասն մնար։
Ուստի, որոշ հարցերում հստակեցումներ մտցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Քերոբյանն էլ պիտի հեռանա։
Իսկ ահա նա նույնպես կներգրավվի այդ քրեական գործում որևէ կարգավիճակով, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Միայն նկատենք, որ իր հայտարարության վերջում Քերոբյանը քծնել է Փաշինյանին՝ փորձելով իրեն ապահովագրել հնարավոր քրեական հետապնդումից:
Վահե Մակարյան