Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Ժեռտվաների» ժամանակը. Ինչո՞ւ է լռում Կաթողիկոսը

Blog Image

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը պատերազմ հայտարարեց Եկեղեցուն: Ամիսներ առաջ այդ պատերազմը, ըստ էության, մտավ ավարտական փուլ: Փաշինյանը հայտարարեց, ապա իրեն բնորոշ մեթոդներով անցավ գործի:

Անցած այս ամիսների ընթացքում ականատեսը եղանք ամոթալի երևույթների, որոնք խայտառակում են մեզ՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգին աշխարհով մեկ: Միայն այն, որ այս պահին դատվում են երկու սրբազաններ, ըստ ամենայնի՝ երրորդին էլ շուտով,  Եկեղեցու շարքերից հնչում են կառույցը պախարակող հայտարարություններ, ու դրանց հեղինակների հետ ոչինչ չի լինում, արդեն ամոթալի է, եթե չասենք ավելին::

Այսօր էլ լույսը բարի չէր. նախ, ձերբակալվեց ևս մեկ հոգևորական՝ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի առաջնորդի տանն էլ խուզարկություն էր, որից հետո Սրբազանին տեղափոխել են Քննչական կոմիտե: Բայց այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրն անգամ հայտնի չէ, ինչի մասին ահազանգել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ բերման են ենթարկվել նաև 6 քահանա և Արագածոտնի թեմի առաջնորդի աշխարհիկ աշխատակիցները` գործավարը, հաշվապահը և գանձապահը: Նրանց թիվն անխոս ավելանալու է:

Որպես հիշեցում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Այս ամենն էլ հետևանք է նրա, որ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ փաշինյակականի համբավ ձեռք բերած տխրահռչակ Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, և մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։

Տխրահռչակի այս հարցազրույցը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 16-ին, որից հետո նրա՝ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ» հայտարարությունն  ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքը տեսանք այսօր առավոտյան. ՔԿ-ից քիչ առաջ MediaHub-ն հայտնեցին, որ այսօրվա ամոթալի գործողությունները  «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում  են կատարվել»:

Ըստ էության՝ ՔԿ-ի պարզաբանումը ոչ մի կարևորություն չունի, քանի որ բոլորս ենք հասկանում, թե հիմքում ինչ է: Բոլորս, բացի Կաթողիկոսի՞ց: Դեռ այս հայտարարությունից հետո Մայր Աթոռին լրատվամիջոցները հարց ուղղեցին՝ քննվելո՞ւ է Տեր Արամի հայտարարությունը, հակաեկեղեցական վարքը, ավելի ուղիղ՝ նա կարգալույծ կարվի՞: Պատասխանը բոլորիս աչքի առաջ է.  Կաթողիկոսը որոշեց հերթական անգամ չդավաճանել իրեն ու ուղղակի լռել: Այլ կերպ ասած՝ Տեր Արամը կարգալույծ չարվեց, և այսօր, թերևս, հպարտորեն հետևում է, թե ինչպես են իր հոգևոր եղբայրներին նվաստացնում, բերման ենթարկում, գուցե նրանցից շատերն էլ կարժանանան սրբազանների ճակատագրին ու կդատվեն:

Ժամանակն է խախտել այս լռությունը, վերջապես կանգնել Եկեղեցու նվիրյալ սպասավորների, հոգևորականների, սրբազանների կողքին, որոնք այդ թվում նաև այդ լռության զոհն են դարձել: Ի վերջո՝ բոլորի համար թիվ մեկ պատասխան տվողը Վեհափառն է, վերադասը ինքն է: Նրանք նաև հարմարվողականության զոհն են, երբ Եկեղեցին շարունակում է ՔՊ-ականների կողքով քայլել, մինչդեռ նույն ՔՊ-ականները եկել են իրենց ոչնչացնելու: Ի վերջո, Գոլդա Մեիրի՝ «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու» ասվածը նաև այս դեպքում է ակտուալ, իսկ ամիսներ շարունակ մենք հետևում ենք, թե ինչպես է  Նիկոլն ու կամպանիան փորձում վերացնել Եկեղեցուն, իսկ վերջինս անհասկանալի վարք է դրսևորում ու ուղղակի չի պաշտպանվում: Եվ կա՞ մեկը, որ կասկածում է, որ այս ձերբակալությունների, նվաստացումների շարքը կասեցվելու է: Ո՛չ: Իրական գրոհը, որը վերջակետի է տանելու, դեռ առջևում է:

Լռելն այլևս նույնիսկ ամոթալի է, պետք է համարժեք պաշտպանվել, այլապես այդ լռությունը շատ «ժեռտվաներ» կտա: Այն, ինչ անում է Եկեղեցին, համարժեքին անգամ մոտ չէ:

Լիա Խոջոյան

Send