ՀՖՖ-ն արձագանքել է MediaHub-ի երեկվա հրապարակմանը, որում անդրադարձել էինք մրցավարին ծեծի ենթարկելու միջադեպին:
Հիշեցնենք, մենք գրել էինք, որ MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության ժամանակ, ավելի հստակ՝ «Անի 2014» - «Աբովյան 2014» խաղի ժամանակ, «Անի» ակումբի անվտանգության աշխատակիցները և ակումբի մարզիչը ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին:
Ըստ ականատեսների՝ պատճառն այն է եղել, որ մրցավարը «տուգանային է դրել», անվտանգության աշխատակիցները և մարզիչը ծեծի են ենթարկել մրցավարին:
Երեկ օրվա ընթացքում մենք այդպես էլ ՀՖՖ-ից չկարողացանք պարզաբանում ստանալ, երեկոյան կողմ, երբ հրապարակումն արդեն արել էինք, խոսնակը մեզ նշեց՝ եթե ասելիք ունենան, ապա հանդես կգան հայտարարությամբ: Այսօր առավոտյան այդ հայտարարությունը ՀՖՖ-ն տարածել է:
ՀՖՖ-ից, ըստ էության, չեն հերքել, որ միջադեպ եղել է, ավելին, հայտարարության բովանդակությունը հենց այն մասին է, որ իսկապես նման բան եղել է, և մենք ճիշտ տեղեկատվություն ենք հրապարակել: Կառույցից նշել են. «2025 թվականի հոկտեմբերի 6-ին Անի-14-1 - Աբովյան ակադեմիա-14 խաղի երկրորդ խաղակեսին տեղի է ունեցել միջադեպ Անի-14-1 թիմի անձնակազմի և խաղի մրցավարի միջև»։
Մեզ մեղադրել են, թե «նյութում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ կան»։
«Միջադեպի վերաբերյալ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ՀՖՖ Մրցումների և Մրցավարական դեպարտամենտի աշխատակիցները 10 րոպեի ընթացքում ժամանել են մարզադաշտ, զրուցել են միջադեպի մասնակիցների հետ, արձանագրել բոլոր հանգամանքները, և դրանք սահմանված կարգով ներկայացրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկմանը։
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՖԻՖԱ-ի մրցավար Մեսրոպ Ղազարյանը «Խորեն Հովհաննիսյանի թիկունքն է պահել» աղերս չունի իրականության հետ, քանի որ նա միջադեպի վայրում ներկա է եղել ՀՖՖ խմբի կազմում և ոչ մի կարծիք տեղի ունեցածի վերաբերյալ չի հայտնել»,- ասվում է հայտարարության մեջ:
Այլ կերպ ասած՝ ՀՖՖ-ն ընդունում է միջադեպի փաստը, իհարկե չի մանրամասնում բռնության հանգամանքները մրցավարի նկատմամբ, և կենտրոնանում մեր հրապարակման հուզական ֆոնի վրա, որը մենք ներկայացրել ենք ըստ մեր զրուցակցի խոսքերի:
Փաստացի, ՀՖՖ-ն չի կարողանում հերքել ամոթալի եղելությունը, փոխարենը փորձում է մեզ մեղադրել, թե իրականությանը չհամապատասխանող բան ենք գրել, այն է՝ նշված անձը «ոչ մի կարծիք չի հայտնել»: Սա, կարծում ենք, կատարվածի ֆոնին այնքան էլ կարևոր չէ:
Հաջորդը. մենք տեղեկացրել էինք, որ ըստ մեր աղբյուրի՝ «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Սլավիկ Ղազարյանը կանչել են ծեծված մրցավար Արմեն Խաչատրյանին, որպեսզի «հարթեն իրավիճակը», բայց թե ինչպե՞ս է անցել այդ հանդիպումը, մեզ ճշտել դեռ չհաջողվեց»: ՀՖՖ-ից արձագանքել են` «նման հանդիպում տեղի չի ունեցել»:
Ըստ էության, MediaHub-ը ՉԻ ՊՆԴԵԼ, որ հանդիպում եղել է, այլ գրել ենք՝ կանչել են, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ այդ հանդիպումը կայացել է: Եվ, ի դեպ, հենց այդ պատճառով էլ փորձում էինք կապ հաստատել ՀՖՖ-ի հետ, ինչը չհաջողվեց: Եվ հետևապես սա էլ ներկայացնել որպես իրականության չհամապատասխանող տեղեկատվություն, այնքան էլ ճիշտ չէ:
Բացի այս, ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ առանձնահատուկ նշել է այն հանգամանքը, որ մենք գրում ենք՝ փորձել ենք կապ հաստատել իրենց հետ պարզաբանում ստանալու համար, բայց չի հաջողվել:
Ըստ հայտարարության՝ հոկտեմբերի 8-ին լրագրողը դիմել է ՀՖՖ Հաղորդակցության բաժնի աշխատակցին, ստացել է գրավոր պատասխան, որից «հետո հեռախոսազանգով նրան տեղեկացրել են, որ հավելյալ ինֆորմացիա կտրամադրվի ավելի ուշ»։
Մինչդեռ իրականությունն այն է, որ լրագրողը ՀՖՖ զանգահարել է 13.54 րոպեին, ապա գրել խոսնակին՝ 13.57-ին, խոսնակը լրագրողին պատասխանել է միայն 15.11-ին, իսկ հոդվածը հրապարակվել է 14.22-ին: Այլ կերպ ասած, մեղադրել մեզ նրանում, թե մենք չենք փորձել կապ հաստատել, մեղմ ասած, կրկին ճիշտ չէ:
Մեր կողմից նաև ավելացնենք, որ ողջունում ենք հայտարարության այս հատվածը, թե՝ «ՀՖՖ-ն մշտապես հետամուտ է ցանկացած միջադեպի հանգամանքները պարզելուն, և վստահություն ենք հայտնում, որ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն կքննի գործի մանրամասները և կտա օբյեկտիվ գնահատական», և սպասում ծեծով ուղեկցված միջադեպի մասին կառույցի օբյեկտիվ գնահատականին: Մենք նաև հետամուտ ենք լինելու, որպեսզի բռնության ենթարկված մրցավարի իրավունքները պաշտպանվեն»: