Վերջին երկու օրերի ամենից քննարկված թեման կնիքներից Արարատ լեռան հեռացման մասին որոշումն է, որն ունի մեջ է մտնելու նոյեմբերից: Իրականում որևէ զարմանալի բան չկա նման որոշման մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը վաղուց են պայքար մղում ամեն հայկականի դեմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցումներով: Հիշում եք՝ Արագածի քարոզ սկսվեց, Կառավարության ընդունելության սրահի պատին հայտնվեց Արագածի ձնախառն գագաթը, տևական ժամանակ խոսակցություններ կան զինանշանի փոփոխման մասին, հիմա, ահա, Հայաստան մուտք գործելու պահին դրվող կնիքից վերացվում է Հայաստանի ու հայության համար իր կարևորությամբ թիվ մեկ խորհրդանիշը:
Կայի՞ն նախադրյալներ, որ այսպես է լինելու: Իհարկե կային: Որևէ բան արվե՞ց, որ այդպես չլինի: Ոչ: Հետևապես ինչո՞ւ ենք մենք հիմա բորբոքվում, գոռգոռում (ֆեյսբուքյան ստատուսների ձևաչափով), անիծում ու մնացած բոլոր գործողություններն անում, որոնք 2020-ից սկսած ցույց են տվել իրենց ոչ արդյունավետությունը:
«Собака лает, караван идет». ահա այն իրողությունը, որ հրաշալի բնութագրում է մեր իրականությունը, Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանը», որում մենք ոչ միայն հայտնվել ենք, այլև գլոբալ առումով դեմ էլ չենք դրան, որովհետև բացի բորբոքվելուց ու անիծելուց այլ բանով, ցավոք, զբաղված չենք:
Ու սա շատ պարզ երևաց նաև երեկ, երբ Նիկոլը իր սվիտայով գնացել էր մի ներկայացում դիտելու, որի ողջ գաղափարը հենց նիկոլականության, թուրքի տակ չպառկելու, ԻՐ դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին էր, որպեսզի մենք չկորցնենք մեր երկիրը, մեր հողը, մեր արժանապատվությունը.... Ի՞նչ արեց Նիկոլը. ճիշտ է, վայելեց իր ընկալմամբ՝ ֆանտաստիկ ժանրի ներկայացումը, լիաթոք ծիծաղաց, վերջում էլ ստորացրեց բեմադրիչ ռեժիսորին, դերասաններին՝ շատ գեղեցիկ ձևով ապացուցելով, որ ինքը ճիշտ է, որ իրենք ուղղակի փողի մոլուցքով տարված մարդիկ են, որոնց համար կարևոր չէ այն, ինչ խաղում են, քանզի հետո, երբ ինչ-որ ցիլոյով մեկը փորձում է իր սուբյեկտիվ կարծիքը հրամցնել, որևէ մեկը չի ասում ՝ (չ)հարգելիս, սա քո սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է գոյություն ունենալ, բայց ներկայացման միտքը, գաղափարը, այն, ինչ մենք փորձում ենք հասցնել հանրությանը, բոլորովին այլ է, այն է, ինչը դու ամեն գնով փորձում ես վերացնել, այն է, ինչը կարող է մի օր խարխլել քո հիմքը, եթե, օրինակ, մենք՝ դերասաններս, ռեժիսորս և այլք, ՉՎԱԽԵՆԱՆՔ այդ մասին ասել, բարձրաձայնել ու մինչև վերջ պահել, թե որն է ներկայացման հիմքն ու գաղափարը:
Ամիսներ առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավարության փոփոխությունը պայմանավորված էր այդ թվում նաև հենց նրանով, որ դրանից մեկ տարի առաջ բեմ էր բարձրացել Րաֆֆու «Խենթը», և որը ամբողջությամբ մեր օրերի մասին է: Այս տողերի հեղինակը անձամբ դիտել է ներկայացումը, լացել, որովհետև մեր մասին է, ու մենք նորից ապրում ենք այդ նույնը: Հավանաբար, Դավիթ Հարությունյանը ավելի պինդ գտնվեց, քան Տիգրան Գյուլումյանը, դրա համար նրան հեռացրեցին, «Խենթն» էլ անցավ պատմության գիրկը (հուսանք՝ ժամանակավոր): Իսկ Գյուլումյանը ուղղակի չպաշտպանեց իր իսկ բեմադրած «Ցանկապատը» ոմն մեկի սխալ տռակտովկայից ու գլուխը կախ դարձավ Նիկոլ Փաշինյանի հակահայ քարոզչության ոչ միայն հերթական զոհը, այլև կրողը: Այո, կրողը, քանզի եթե ես պատրաստվում էի դիտել «Ցանկապատը», հիմա դա չեմ անի, քանզի իր բեմադրածն ու իր ապրածը, փաստացի, իրարից տարբերվում են, իսկ եթե դու չես կարողանում պաշտպանել քո ապրածը, ապա գրոշի արժեք չունի դա որպես արվեստի գործ, դրա փոխարեն ես գիտաֆանտաստիկ ֆիլմ կնայեմ:
Եվ հետաքրքիր է՝ Տիգրան Գյուլումյանը իր «ՀանդԱրտ»-ում կպահպանի՞ «Ցանկապատը», թե՞ այդքան ազնվություն կունենա հեռացնել այն խաղացանկից, քանզի արդեն պարզ է, որ այն ճշմարտությունները, որ նա փորձում էր իբր փոխանցել իր հանդիսատեսին, ոչ այլ ինչ են, քան փուչիկ (եթե, իհարկե, իրեն ՉԱՍԵՆ, որ պետք է հեռացվի): Դե, իսկ Մկրտիչ Արզումանյանին ուղղակի իմաստ չկա անդրադառնալու՝ մարդը շարունակում է բիզնեսով զբաղվել: Հետևապես. «Не трогайте артистов и ... Они служат любой власти»:
Վերադառնալով կնիքին. Ի՞նչ է անելու Փաշինյանը, փոխել է տալու Արարատ Միրզոյանի անո՞ւնը, ինչպես տարիներ առաջ դա արեցին թուրքական ԶԼՄ-ները, Միրզոյանին դարձնելով «Արաբաթ», թե՞ պարզապես նրան աշխատանքից կազատի, որ անընդհատ թուրքերին չնյարդայնացնի իր անվամբ: Իսկ ծննդական տալուց «Արարատ» անունը թույլատրելո՞ւ են, թե՞ կարգելվի: Իսկ հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Մասիս քաղաքը կանվանափոխի՞, թե պարզապես քարտեզից կվերացնեն:
Ամեն ինչ դեռ առջևում է:
Լիա Խոջոյան