Օրերս կարկառուն ՔՊ-ական Գնել Սանոսյանը բացահայտեց, որ նշանակվել է Կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ՀՀ-ում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը: Այն Ամուլսարի, որի շահագործման դեմ կատաղի պայքար էին մղում բոլոր նրանք, որոնք տարիներ անց դարձան ՔՊ-ական իշխանության առանցքը և անմիջապես մոռացան, որ «Ամուլսարը պետք է սար մնա եւ վերջ»:
Գնել Սանոսյանը շուրջ մեկ տարի մնաց առանց պաշտոնի: Հիշեցնենք, նա այն բազմաթիվ պաշտոնյաներից մեկն է, ում Նիկոլ Փաշինյանը «խնդրել էր» հրաժարական տալ 2024 թվականի նոյեմբերին՝ նախքան այդ դժգոհություն հայտնելով նրանց աշխատանքից: ՏԿԵ նախարարի պաշտոնից հրաժեշտ տալիս Սանոսյանը չէր մանրամասնել, թե կոնկրետ ո՞րն է նման խնդրանքի պատճառը, ինչո՞ւ էր իրենից դժգոհ Փաշինյանը, երբ հիմնական դժգոհությունը ուժային և դատական համակարգերից էր: Բայց ըստ մամուլի՝ Գնել Սանոսյանի պաշտոնանկության պատճառն այն է, որ Արմավիրից դեպի Գյումրի ճանապարհի, կոնկրետ Բայանդուրի հատվածի կառուցման մասին նրան զեկուցել են, թե ճանապարհն արդեն պատրաստ է, ինքն էլ լուսանկար է հրապարակել այդ մասին, սակայն դրանից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են սուտ խոսելու մեջ, քանի որ Բայանդուրի ճանապարհը դեռ կառուցված չի եղել։
Եվ ահա այս պաշտոնանկությունից շուրջ մեկ տարի անց Փաշինյանի սրի տակով անցած որոշ նախկին պաշտոնյաներ նորից պաշտոն ստացան (օրինակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը), այդ թվում և Գնել Սանոսյանը:
Իսկ ինչո՞վ էր զբաղված Սանոսյանն այս ամիսներին: MediaHub-ը դեռ Գյումրիում կայացած ընտրություններից հետո էր գրել, որ Սանոսյանին Փաշինյանը պատրաստում է որպես նախընտրական շտաբի պատասխանատու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրությունների վերջնարդյունքը, երբ Վարդան Ղուկասյանը ՔՊ-ից տարավ քաղաքապետությունը, Գնել Սանոսյանի բախտի վրա քար գցեց, և Փաշինյանն այժմ երկմտում է՝ կարո՞ղ է վստահել ավելի լուրջ ու գլոբալ պատասխանատվություն նրան, ինչպիսին է 2026 խորհրդարանական ընտրության անցկացումը:
Ի վերջո, որքան էլ այսօրվա դրությամբ Փաշինյանի դիրքերը ամուր չթվան, բայց ռիսկի դիմել, ամեն դեպքում, սխալ է, և չի կարող իշխանությունն ամեն գնով պահել ձգտողը թույլ տալ որևէ «պռոմախ», որը կարող է հողը իր ոտքերի տակից փախցնել:
Բայց և որպեսզի Գնել Սանոսյանը մնա հավատարիմ, թիմում, հատկապես, որ Փաշինյանն այնքան էլ հարուստ կադրային ռեզերվ չունի, նրան պետք էր ինչ-որ պաշտոնով զբաղեցնել՝ ամեն պահի օգտագործելու համար: Լավագույն լուծումը Կառավարության ներկայացուցիչ նշանակելն է ինչ-որ խոշոր ընկերությունում, որը և՛ փողաբեր է, և՛ ոչ ժամանակատար: Իսկ հատկապես վերջին հանգամանքը շատ կարևոր է, քանի որ Փաշինյանը վերջնական չի հրաժարվել Գնել Սանոսյանին նախընտրական շտաբի պատասխանատու կարգելու մտքից:
Ի դեպ, Գնել Սանոսյանն էլ, ինչպես շատ կարկառուն ՔՊ-ականներ՝ Լենա Նազարյան և այլք, ժամանակին պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ: Եվ բնապահպանները նրան իր նշանակման լուրի ֆոնին դա հիշեցրեցին։ «Գնել Սանոսյան, Ամուլսարում նախատեսվող հանքի ՇՄԱԳ-ի մասին ԷԼԱՐԴ-ի զեկույցը կարդացել ե՞ք, էն որ 2019թ-ին ձեր կառավարությունն էր պատվիրել, թե՞ փողն ամեն ինչ ջնջում է»,- դիմել է նրան բնապահպան Լևոն Գալստյանը:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը անցած դեկտեմբերին փոխանցվեցին ՀՀ Կառավարությանը: Ընկերությունն արդեն իրականացրել է 500 մլն դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել:
ՔՊ-ի Աստվածը, ինչպես հիշում ենք, փողն է...