Առավոտյան գրել էինք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Արագածոտնի թեմում, հինգից ավելի հոգևորականներ են բերման ենթարկվել։ Թե ինչ հիմքով, մինչ այս պահը հայտնի չէր։ ՔԿ-ից համառորեն լռում էին
Սակայն րոպեներ առաջ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը պատասխանեց MediaHub-ի հարցին՝ նշելով, որ հոգևորականներին բերման են ենթարկել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։
Նրա խոսքով կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:
«Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց Ավդակյանը։
Հիշեցնենք, որ այս ամենի մասին հաղորդում էր ներկայացրել տեր Արամը, որը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ դեմ է Գարեգին Բ-ին։ Ավելին, այդ հարցազրույցից հետո տեր Արամը դարձավ ՔՊ-ի «սրտի հոգևորականը»։
Նարե Գնունի