Երեկ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում, որի արդյունքում 13-ամյա երեխա էր տեղափոխվել հիվանդանոց։
MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ վիճաբանությունը եղել է 8-րդ դասարանի աշակերտների միջև, պատճառը այն է, որ երեխաներից մեկին թվացել է, թե մյուսը ծաղրում է իրեն, վիճաբանության արդյունքում երեխաներից մեկի քիթն է կոտրվել։
«Երեխային անմիջապես առաջին բուժօգնություն են ցուցաբերել, հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց, հիմա նրա առողջական վիճակը լավ է, վիրահատությունը լավ է անցել»,- նշեց հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի վիճաբանության բոլոր պատճառները բացահայտվեն, դասղեկի հետ է աշխատանք տարվում։
«Հոգեբանը պետք է երեխաների հետ աշխատի, ծնողների հետ է հանդիպում նախատեսվում։ Երկու կողմի ծնողները խոսել են իրար հետ, այս պահին կարծես թե ամեն ինչ հանգիստ է, բայց իհարկե շարունակական աշխատանք է տարվում»,- հավելեց Հարությունյանը։
Էմմա Մարտիրոսյան
