«Ղազախստանը մեզ բարեկամ չի, նրանք շնորհավորեցին մարդասպան ալիևին»․ հարցում

«Ղազախստանը մեզ բարեկամ չի, նրանք շնորհավորեցին մարդասպան ալիևին»․ հարցում

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երևան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Այցի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Ղազախստանի նախագահի այցը բավականին բուռն քննարկումների առարկա դարձավ։ Մենք լավ հիշում ենք, որ Ղազախստանը և Ադրբեջանն առանցքային գործընկեր պետություններ են, Ղազախստանի նախագահն առաջիններից էր, ով շնորհավորել էր Ադրբեջանին 44-օրյա պատերազմի հաղթանակի առթիվ, իսկ ավելի ուշ Տոկաևն Ալիևի հետ միասին այցելել էր Շուշի:

Հետևապես, նրա այցը չէր կարող անտարբեր թողնել մեր հասարակությանը: MediaHub-ն անցկացրեց հարցում, որպեսզի հասկանա՝ մեր ընթերցողները Ղազախստանը ՀՀ-ին բարեկա՞մ երկիր են ընկալում, թե՞ ոչ: Պարզվեց՝ մեծամասնությունը Ղազախստանը Հայաստանին բարեկամ երկիր չի համարում:

Ըստ այդմ, «Այո» պատասխանն ընտրել է հարցմանը մասնակցածների ընդամենը 14%-ը, իսկ «Ոչ» պատասխանն ընտրել են հարցվածների 74%-ը:

«Ղազախստանը բարեկամ է Ադրբեջանին, որին շնորհավորեց «44-օրյա»-ից հետո» տարբերակն ընտրել է հարցվածների 6%-ը։ 3%-ն ընտրել է «Նիկոլ Փաշինյանը բարեկամություն է անում ոչ բարեկամների հետ» տարբերակը, իսկ 3%-ն ընտրել է «Պետք է առաջ նայենք, Ղազախստանն էլ, Ադրբեջանն էլ կարող են դառնալ բարեկամ» տարբերակը։

Մեր ընթերցողները, ինչպես միշտ, թողել են իրենց մեկնաբանությունները: Ահա դրանցից մի քանիսը՝

«Աշխարհում չկա հավերժ բարեկամ ու հավերժ թշնամի, կան մշտական շահեր»։

«Ինձ չի հետաքրքրում Ղազախստանի իշխանության վարած քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ, ինձ համար կարևոր է ղազախ ժողովուրդը: Ղազախստանում հազարավոր հայեր են ապրում, ու ոչ մի խնդիր չկա ղազախ ժողովրդի հետ»։

«Նրանք շնորհավորեցին մարդասպան ալիևին»:

«Ես զարմանում եմ, թե ինչու են մոռանում, որ Ուկրաինայի նախագահն էլ է առաջիններից մեկը շնորհավորել Ադրբեջանի նախագահին հաղթանակի համար»։

«Ես եթե լինեի ՀՀ ղեկավար, չէի ընդունի դրան, թող տեղակալներս ընդունեին, եթե չէ, թող ռադ լիներ»:

«ՀԱՊԿ-ում մենք բարեկամ չունենք»:

«Ի՞նչ է նշանակում բարեկամ երկիր, այդ տերմինը հանե՛ք գաղափարներիցդ, գոյություն ունի միայն շահ, և այո՛, ցանկացած երկիր կարող է դառնալ փոխշահավետ գործընկեր, ոչ թե բարեկամ, այդ թվում՝ նաև Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Իսրայելը և Ռուսաստանը»։

«Ոչ մեկն էլ Հայաստանին բարեկամ երկիր չի։ Կան պետական շահեր, եթե որևէ երկրի հետ Հայաստանի Հանրապետության շահերը համընկնում են, կարող են համագործակցել»։ 

«Փաշինյանն էլ Էրդողանին շնորհավորեց, ամոթ մեր ղեկավարներին»։

«Ղազախների կառավարությունը գտնվում է չինական քաղաքական ազդեցության տակ ու հիմա նրա նպատակն է Չինաստանի համար բացել Սյունիքի միջանցքը»։

Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է 9100 մարդ։

Մարիաննա Արամյան